Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 50-ամյա հոգևորական է, ծնվել է Վաղարշապատում։
Եպիսկոպոս Պռոշյանը կրթությունը սկսել է Էջմիածնում՝ սովորելով Խաչատուր Աբովյանի անվան համար 4 միջնակարգ և Ե. Թադևոսյանի անվան նկարչական դպրոցներում։ Դեռ երիտասարդ տարիքից ակտիվորեն ներգրավվել է եկեղեցական և հասարակական գործունեության մեջ՝ 1991-1993 թթ. լինելով ՀԵԵՄ Էջմիածնի մասնաճյուղի ատենապետ։ 1993-ին ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, ապա ուսումը շարունակել Գևորգյան հոգևոր ճեմարանում, որը ավարտել է 1999-ին։ Նույն թվականին ձեռնադրվել է սարկավագ՝ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի ձեռամբ։ 2001 թ. հունվարի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա և ստանձնել իր հոգևոր ծառայությունը։
Տեր Մկրտիչը շարունակել է կրթությունը Մեծ Բրիտանիայում։ Արտերկրում ուսանելու տարիներին նա եղել է Մանչեստրի հայկական համայնքի այցելու հովիվ։
Վերադառնալով Հայաստան՝ 2004-ից նշանակվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչի պաշտոնակատար, ապա՝ տեսուչ։ Տեր Մկրտիչը 2008-ից հոգևոր ծառայություն է իրականացրել նաև արտերկրում՝ նշանակվելով Ֆիլադելֆիայի Ս. Սահակ և Ս. Մեսրոպ եկեղեցու առժամյա հովիվ։
2009-ին նա վերադարձել է Հայաստան, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ նշանակվել Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ, իսկ 2010 թ. ապրիլի 18-ին ձեռնադրվել է եպիսկոպոս և պաշտոնապես հաստատվել թեմի առաջնորդի պաշտոնում։
Բացի հոգևոր ծառայությունից, Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կարևոր դեր ունի եկեղեցական գրականության ուսումնասիրության ու թարգմանության ոլորտում։
Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի քրոջ որդին է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկել են Արագածոտնի թեմն ու առաջնորդի տունը։ Ձերբակալել են թեմի առաջնորդին, մի քանի քահանաների ու աշխատակիցների։ Նրանց Քննչական կոմիտե են տեղափոխել։