Բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. Պահանջում են վերադարձնել Վարդանյանին և մյուս գերիներին

Բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. Պահանջում են վերադարձնել Վարդանյանին և մյուս գերիներին

14 հոկտեմբերի 2025 – 14:29 AMT

PanARMENIAN.Net – ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց քաղաքացիները բողոքի ցույց են անցկացնում՝ ադրբեջանական բանտում պահվող գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների ազատ արձակման պահանջով։

«Միասին» այլընտրանքային հասարակական–քաղաքական շարժման համակարգող խորհրդի անդամ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ ՄԱԿ–ը փետրվարի 17–ի իր եզրակացությամբ, ըստ էության, արդարացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի քայլերը և համարել, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների կալանավորումն օրինական է եղել, մինչդեռ պարզվել է, որ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի նախագահ Հաննա Յուդկիվսկան ադրբեջանական «SOCAR» ընկերության հետ ունի սերտ կապեր, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ այսօր հավաքվել են, որպեսզի դիմում–նամակ հանձնեն ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

«Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի՝ (UNWGAD) Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ թիվ 46/2024 եզրակացությամբ արձանագրվել է, որ կալանավորումը եղել է ոչ կամայական, այսինքն` ՄԱԿ–ն, ըստ էության, արդարացրել է Ալիևի ռեժիմի իրականացրած քայլերը և այդպիսով համարում են, որ կալանավորումն օրինական է եղել»,– հայտարարել է նա։

Սարգսյանի տվյալներով` Յուդկիվսկայի ամուսինն ադրբեջանական արմատներ ունի և Ուկրաինայում հասարակական գործունեությամբ է զբաղվում։

«Այս պարագայում պարզ է դառնում, որ Ալիևը կարողացել է գնել այն, ինչ դեմ է ՄԱԿ–ի կանոնակարգին։Մենք հիմա մեր նամակով կոչ ենք անում Գուտերեշին` հավատարիմ լինեն իրենց կանոնակարգին, այդ խմբի նախագահին հեռացնեն, նոր ղեկավար նշանակեն, նոր հանձնախումբ ձևավորեն ու նոր քննություն իրականացնեն։ Մենք եկել ենք ասելու, որ դուք անարդարությամբ եք զբաղված և բարի եղեք համապատասխանել ձեր կանոնակարգին»,– ընդգծել է նա։

Սարգսյանի խոսքով` քանի որ այս հարցում ՀՀ իշխանությունը լուռ է, այդ իսկ պատճառով «Միասին» այլընտրանքային հասարակական–քաղաքական շարժմումը անիմաստ է համարել ու չի դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ ԱԳՆ–ին, այլ նպատակահարմար է գտել ուղղակի իրենց նամակն ուղարկել ինչպես նրանց, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարություն։

2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Արցախ, նոյեմբերի 4-ին նշանակվել Արցախի պետնախարար։ 2023 թվականի փետրվարի 23-ին նա ազատվել է պաշտոնից, սակայն մնացել է Արցախում մինչև 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիան։

Սեպտեմբերի 27-ին նա ապօրինաբար ձերբակալվել է և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում՝ Արցախի այլ քաղաքական ու զինվորական գործիչների հետ։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են ներկայացրել` ահաբեկչության ֆինանսավորում, զինված խմբավորումներ ստեղծել և սահմանն ապօրինի հատել։ Չնայած մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորից 400-ը քննել առանձին վարույթով:

Leave a Comment