Iravaban.net-ը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսի Սարգսյանը մեղադրվում է պատժի սպառնալիքով արգելված այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով <<Թիվ 19 պոլիկլինիկա>> առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն՝ պաշտոնատար անձ, Սիրանուշ Մուշեղի Ղազարյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, վերջինիս օժանդակությամբ, նրա ամուսնուց՝ Արթուր Սեդրակի Մելքոնյանից, 2023թ. հունիսի 3-ին ստացել է կաշառք:
Այսպես.
Սիրանուշ Ղազարյանը, «Թիվ 19 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության օպերատորական և մատենավարման բաժիններում աշխատանքի ընդունվելու մասին ընկերության տնօրեն Սամվել Սարգսյանին 2015 թվականի հունիսի 24-ին հասցեագրված դիմումի և 2015 թվական հուլիսի 7-ի թիվ 130 աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանքի է ընդունվել նշված ընկերության մատենավարման բաժնում՝ որպես մատենավար:
Նույն ընկերությունում բարձր աշխատավարձ ստանալու դիմաց այլ աշխատանք կատարելու համար, 2021 թվականի մայիսի 10-ին, Սիրանուշ Ղազարյանի հայրը՝ Մուշեղ Ղազարյանը, հեռախոսակապ Է հաստատել ընկերության տնօրեն Սամվել Սարգսյանի հետ և միջնորդել վերջինիս, Սիրանուշ Ղազարյանին նշանակել ընկերության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի պաշտոնում:
Սիրանուշ Ղազարյանը, օժանդակելով ամուսնու՝ Արթուր Մելքոնյանի կողմից պաշտոնատար անձ հանդիսացող «Թիվ 19 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Սամվել Սարգսյանին կաշառք տալուն, 2021 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 13:40-ին, Արթուր Մելքոնյանի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում, խորհուրդ Է տվել վերջինիս կաշառք տալ Սամվել Սարգսյանին, որից հետո 2021 թվականի հունիսի 3-ին Սամվել Սարգսյանին փոխանցելու համար Արթուր Մելքոնյանին է տրամադրել մեկ շիշ կոնյակ և ծրարի մեջ դրված 104.000 (հարյուր չորս հազար) ՀՀ դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար գումար:
Սամվել Սարգսյանը, 2021 թվականի հունիսի 3-ին, Երևան քաղաքի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում հանդիպելով Արթոտ Մելքոնյանին, իր ծառայողական լիազորությունները օգտագործելով Սիրանուշ Ղազարյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, որպես կաշառք Արթուր Մելքոնյանից ստացել է նախապես Սիրանուշ Ղազարյանի կողմից նրան տրամադրված մեկ շիշ կոնյակը և 104.000 (հարյուր չորս հազար) ՀՀ դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար գումար պարունակող ծրարը, ինչի արդյունքում Արթուր Մելքոնյանի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն Սիրանուշ Ղազարյանին ընկերության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:
Ստացած կաշառքի դիմաց, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, Սամվել Սարգսյանը Սիրանուշ Ղազարյանի օգտին կատարել է ապօրինի գործողություն, այն է՝ 2021 թվականի հունիսի 23-ին հրաման է արձակել 2021 թվականի հուլիսի 1-ից Սիրանուշ Ղազարյանին ընկերության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի պարտականությունների կատարումը ժամանակավոր հանձնարարելու մասին, այն դեպքում, երբ Սիրանուշ Ղազարյանից նշված պաշտոնում նշանակելու մասին դիմումը ստացել է հրամանն արձակելուց երկու օր անց՝ 2021 թվականի հունիսի 25-ին:
Գործի քննությունը շարունակվում է։