Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի գրասենյակի հաղորդմամբ՝ առնվազն 20 երկրների ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունը հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում կայանալիք «խաղաղության գագաթնաժողովին»։
«Գագաթնաժողովին, ինչպես սպասվում է, կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բահրեյնի, Միացյալ Թագավորության, Հունգարիայի, Հունաստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Իսպանիայի, Իտալիայի, Կիպրոսի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Օմանի, Պակիստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները և բարձրաստիճան պաշտոնյանները։ Բացի այդ, Շարմ էլ Շեյխում սպասում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Եվրոպական խորհրդի նախագահին և Արաբական լիգայի գլխավոր քարտուղարին», — ասվում է աս-Սիսիի գրասենյակի հայտարարության մեջ, որը տարածել է եգիպտական «Ալ-Քահիրա Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը։
Ըստ եգիպտական «Աս-Շորուկ» լրատվական կայքի՝ «Խաղաղության գագաթնաժողովին» կամասնակցեն նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին։
Շարմ էլ Շեյխում կայանալիք «խաղաղության գագաթնաժողովը» հրավիրվում է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի պաշտոնական ստորագրման կապակցությամբ։ Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման և Իսրայելի ներկայացուցիչները, որոնք բանակցել էին անկլավում հրադադարի, այնտեղ պահվող պատանդների և պաղեստինցի գերիների փոխանակման շուրջ, հրաժարվել են մասնակցել։