Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի մասնակցի Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայանալիք գագաթնաժողովին՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համար, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Հուսամ Բադրանին։
«ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ չի մասնակցելու», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Եգիպտոսի նախագահի գրասենյակը հայտարարել էր, որ հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կկայանա Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ գագաթնաժողով, որին կմասնակցի ավելի քան 20 երկրի ղեկավար։
Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության են եկել Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու խաղաղության ծրագրի առաջին փուլը կյանքի կոչելու վերաբերյալ։
Առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը կազատի իսրայելցի պատանդներին, իսկ Իսրայելը կհեռացնի իր ուժերը դեպի սեկտորի ներսում համաձայնեցված գիծ և կազատի հարյուրավոր պաղեստինցիների իսրայելական բանտերից, այդ թվում՝ ահաբեկչության համար ցմահ ազատազրկվածներին: