Մեկնարկել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի» 4-րդ փուլը


«Իմ քայլը» հիմնադրամը ուրախությամբ հայտնում է, որ մեկնարկել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի» 4-րդ փուլը։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:


«Ծրագրի նպատակն է նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, հաշմանդամության կարգ ձեռք բերած, ՀՀ մարզերում բնակվող մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ վերականգնելով աշխատելու մոտիվացիան և բացահայտելով մասնագիտական ներուժը։


Միջազգային փորձը վկայում է, որ տնտեսական ինտեգրումը սոցիալական ներգրավման ամենաարդյունավետ ուղիներից է, քանի որ այն միաժամանակ ամրապնդում է մարդու ֆինանսական կայունությունը, ինքնաբավությունը և ընդհանուր բարօրությունը։


Հիմնադրամի թիմը հոկտեմբերի 6–9-ը շրջել է ընտրված չորս մարզերում, ծանոթացել մասնակիցների հետ, բացահայտել նրանց կարիքները և, իհարկե, կազմակերպել ծրագրի իրազեկման հանդիպումներ։ Այս փուլերում արձանագրվել է մեծ հետաքրքրություն․


  • Տավուշի մարզ, ք. Իջևան – 9 մասնակցից 8-ը

  • Գեղարքունիքի մարզ, Գավառ – 45 մասնակցից` 43-ը,

  • Արագածոտնի մարզ, Աշտարակ – 16 մասնակցից`14-ը,

  • Սյունիքի մարզ, Գորիս – 39 մասնակցից` 20-ը ցանկություն են հայտնել մասնակցել ճամբարին»,- ասված է հաղորդագրությունում:


Ընդհանուր առմամբ, ծրագրի այս փուլին արդեն մասնակցել է 106 պոտենցիալ շահառու, որոնցից 85-ը անմիջապես հայտնել են մասնագիտական կողմնորոշման ճամբարին մասնակցելու ցանկություն։ Մնացած մասնակիցներին տրվել է ժամանակ հոկտեմբերի 13-ը վերջնական որոշում կայացնելու համար։


Մասնագիտական կողմնորոշման ճամբարը նախատեսվում է իրականացնել Ջերմուկում՝ երկու փուլով, նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 11-ը։ Ճամբարի ընթացքում մասնակիցների հետ աշխատելու են հոգեբաններ, կարիերայի խորհրդատուներ և ոլորտային փորձագետներ։ Ճամբարի ավարտին յուրաքանչյուր շահառուի համար կկազմվի անհատական զարգացման պլան, որի միջոցով շահառուները կհասկանան իրենց հետաքրքրության ոլորտները, զարգացման հնարավոր ուղիներն ու անհրաժեշտ հմտությունները։

Leave a Comment