ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի թիվ 615-Ն որոշմամբ Ոստիկանության ակադեմիան վերակազմակերպվեց Ոստիկանության կրթահամալիրի, իսկ վերջերս՝ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի։
«Կրթահամալիրը պատմականորեն մեծ ավանդ ունի ոստիկանությունում կադրերի պատրաստման գործում, սակայն ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում ոստիկան լինելը առանձին մասնագիտություն է»,-Iravaban.net-ի հետ զրույցում նշեց ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը։
Ոստիկանության բարեփոխումների նոր՝ 2024-2026 թվականների ռազմավարության կարևոր ուղղություններից է Ներքին գործերի նախարարության մեկ միասնական կրթահամալիրի ձևավորումը։ Բացի այդ, նախատեսվում է մշակել կրթահամալիրի Ակադեմիական քաղաքում տեղակայման պլանը։
«Կարևորվում են նաև կրթահամալիրի պարբերական վերապատրաստումները, հմտությունների կատարելագործումը։ Կրթահամալիրն այլևս սպասարկելու է տարբեր ուղղություններով ՆԳՆ կադրային կարիքները՝ բացառելով կրթական այն ծրագրերը, որոնք հնարավոր է ստանալ ՀՀ այլ ուսումնական հաստատություններում։ Ինչպես նախորդ, այնպես էլ նոր ռազմավարությունը թիրախավորում են հենց հաղորդակցման կարևորությունը»,- նշեց Նատալի Սահակյանը։
Նրա խոսքով՝ պարեկային համակարգի ներդրման ընթացքում ՆԳՆ-ն մեծ փորձառություն է ձեռք բերել իրազեկման արշավներ իրականացնելու ուղղությամբ։ Խոսքը «Եղիր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի մասին է․ «Այն արդյունավետ ենք համարում, քանի որ դրանից հետո դիմորդների թվի աճը դրա վկայությունն էր»։
Պաշտոնյան կարևորում է Քրեական ոստիկանության նոր ֆունկցիոնալով ձևավորումը։
ՆԳՆ-ն փորձում է ներկայացնել նաև այն ծառայողների պատմությունները, ովքեր ծառայողական բարձր արժանապատվություն են ցուցաբերում իրենց աշխատանքում։ Նրանք են հասարակության շրջանում փոխում ոստիկանի կերպարի մասին ընկալումները, ինչը, իր հերթին, նպաստում է ռազմավարության նախանշված ուղղություններին հասնելուն։
Սահակյանը նշում է, որ միջազգային և հայաստանյան կազմակերպությունների կողմից հարցումներ են իրականացվել, որոնք ցույց են տալիս՝ ինչ հաջողություններ է գրանցել ՆԳՆ-ն հանրության շրջանում վստահության մակարդակի բարձրացման տեսանկյունից։
«Դա դրական ազդակ է մեզ համար և խթան՝ շարունակելու աշխատանքներն այդ ուղղությամբ ու նպաստելու հասարակության լայն շրջանակներում ոստիկանության դերի բարձրացմանը»,-ասաց նա։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մի շարք երկրներ որդեգրել են կենտրոնացված կրթահամալիրներ ունենալու մոդելը։ Օրինակ՝ Ֆրանսիան և Իտալիան։ Ֆրանսիայում գործում է École Nationale Supérieure de la Police-ը (ENSP), որտեղ կրթվում են ինչպես շարքային ոստիկաններ, այնպես էլ ղեկավար կազմը։ Կրթությունը ներառում է իրավական, հոգեբանական, հաղորդակցական և տեխնոլոգիական հմտություններ։
Իտալիայում ոստիկանության ուսումնական համակարգը կառուցված է մի քանի մակարդակով․ բարձրագույն կրթահամալիրից մինչև մասնագիտացված վերապատրաստումներ (օր.՝ կիբերհանցագործությունների դեմ պայքար, ահաբեկչության կանխում)։
Գերմանիայում ոստիկան դառնալու համար անհրաժեշտ է սովորել ոստիկանության բարձրագույն դպրոցներում (Hochschule der Polizei), որտեղ կրթությունը համակցվում է բակալավրի աստիճանի հետ։ Սա, մասնագետների գնահատմամբ, բարձրացնում է մասնագիտության հեղինակությունը։
Մեծ Բրիտանիայում College of Policing-ը համակարգում է ամբողջ երկրի վերապատրաստումները։ Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում հաղորդակցական հմտություններին, համայնքների հետ վստահության կառուցմանը և բազմամշակութային միջավայրում ծառայությանը։
Կանադայում Royal Canadian Mounted Police Training Academy (Depot Division) ծրագիրը ներառում է ոչ միայն ուժային պատրաստվածություն, այլև հաղորդակցություն, հանրային կարգի կառավարում և էթիկա։
ԵՄ երկրներում գործում է CEPOL -ը (European Union Agency for Law Enforcement Training), որը կազմակերպում է միջազգային դասընթացներ և փոխանակման ծրագրեր՝ ընդգրկելով թվային անվտանգություն, մարդու իրավունքներ, ահաբեկչության կանխում և այլն։
«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից հայտարարած դրամաշնորհի ներքո։
Ծրագրի նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։