Պետք չէ սպասել, թե երբ լույսը կմոտենա. որ չմոտենաս, լույսը երբեք չի գա․ Դավիթ Ամալյան. «Հրապարակ»

«Հրապարակը» զրուցել է Հայաստանի վաստակավոր արտիստ, ազատամարտիկ, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի հետ, որի որդին պատերազմի հերոս Վարդան Ամալյանն է:

– Անհետ կորածների հարազատին են ձերբակալում, որն առողջական լրջագույն խնդիրներ ունի:

– Այս իշխանությունների գործելաոճն ընդհանրապես չի զարմացնում, ոչ մի բանով չի զարմացնում։ Բազմիցս ասել եմ՝ այս իշխանությունների բոլոր գործերն ինձ համար անսպասելի չեն, եւ ես սրա տառապանքը տեսել եմ այն ժամանակ, երբ որ իր կողքի քայլողների քանակը շատացավ 2018 թվականին։ Արդեն այդ ժամանակ վատ էր: Թե հետո ինչ եղավ՝ մնացածն արդեն դրա հետեւանքներն էին: Թե ում փողերով եղավ, հիմա ակնհայտ է, որ մեր հակառակորդ կողմերի ներդրումն էր: Ես ցավում եմ բոլորի համար․ սա այն պահն է, երբ մարդ վատ է զգում, որ ազատության մեջ է, բայց դեռ այդպես է՝ տեսնենք: Բայց ես հավատում եմ, վստահ եմ, որ լավ է լինելու, ուղղակի այս դժվարությունները պիտի հաղթահարենք։

– Արտգործնախարար Վահան Կոստանյանը պարգեւատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով։

– Մի դիպված պիտի պատմեմ․ Ռուբեն Հախվերդյանի տանն էի, ինչ-որ մեկը երգում էր, արագ ալիքը շուռ տվեց, ասեց՝ ռադ արա, էդ Սյուզիից զզվում եմ։ Ուզեցա տեսնել, թե այդ Սյուզին ով է, ասացի՝ ո՞վ է Սյուզին, ասաց՝ չգիտեմ, դրանց սաղին Սյուզի են ասում: Հիմա ինձ համար այդ անուն-ազգանունները ոչինչ չեն ասում, ինձ համար բոլորը ՔՊ-ի կամ Սյուզիի անվան տակ գնում են, ես դրանց չեմ էլ ճանաչում։ Մի քանի հոգու անձնական հարաբերություններով պայմանավորված, ճանաչված մարդիկ կան, որ ստիպված ճանաչում եմ: Բայց մնացածին՝ ո՛չ ցանկություն ունեմ իրենց անուն-ազգանուններին ծանոթանալ, ո՛չ իրենց դեմքերին, ո՛չ էլ ձայներին:

– Մեր վերջն ի՞նչ է լինելու։

– Լուսավոր։ Թող ոչ ոք պեսիմիստ չլինի, որովհետեւ այդ վատ տրամադրվածությունն ի վերջո նպաստում է վատ ցանկություն ունեցողներին, որոնք այսօր իշխանության են: Դրա համար մենք դատապարտված ենք ապրելու, ուժեղ լինելու եւ նույնիսկ կալանավորված ժամանակ չտխրելու, ինչպես սրբազաններն են անում եւ իմ բոլոր ընկերները: Եվ սենտիմենտալ չլինելու: Ուժեղ, ամուր, ժպիտով ապրել է պետք, որովհետեւ հակառակ կողմը դրան է գնում, որ մենք թուլանանք, պառակտվենք, կոտրվենք՝ դա իրենց նպատակն է։ Որպեսզի իրենց նպատակը չիրականանա, առաջինը հենց ապրել է պետք: Մեկ-մեկ ընկերներ ունեմ, կամ իմ շրջապատում շատ մարդիկ ասում են՝ այ մարդ, ի՞նչ սրտով են հարսանիք անում։ Չէ, պիտի հարսանիքներ էլ անեն, կնունքներ էլ, խնջույքներ էլ։ Ի վերջո, ժողովուրդը պիտի ապրի, որ այդ ապրածով հաղթի նրանց, ովքեր չեն ուզում մեր ապրելը։ Ի վերջո, պետք չէ սպասել, թե երբ լույսը կմոտենա․ որ չմոտենաս, լույսը երբեք չի գա․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment