🎥 ԱԱ-2026․ Ֆարերյան կղզիները պատմական հաղթանակ տարան՝ ջախջախելով Չեռնոգորիային, այլ արդյունքներ

Աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 9-ին կայացան մի շարք հանդիպումներ։

Ֆարերյան կղզիների հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց Չեռնոգորիային։

Այս հաղթանակը դարձավ Ֆարերյան կղզիների հավաքականի ամենախոշոր հաղթանակը պաշտոնական խաղերում՝ գերազանցելով 1995 թվականին Սան Մարինոյի դեմ տարած 3:0 հաշվով հաղթանակի ռեկորդը։ Ընկերական խաղերում Ֆարերյան կղզիները երկու անգամ խոշոր հաշվով հաղթել են Լիխտենշտեյնին՝ 5:1 (2021 թ.) և 4:0 (2024 թ.):

L խմբի մրցաշարային աղյուսակում Ֆարերյան կղզիներն այս պահին երրորդն են՝ վեց խաղում վաստակած 9 միավորով։

Եվրոպական որակավորման 7-րդ տուրում Նիդերլանդների հավաքականը Մալթայի «Տա-Քալի» մարզադաշտում 4:0 հաշվով հաղթեց տանտերերին։ Հյուրերի կազմում առանձնապես փայլեց հարձակվող Կոդի Գակպոն, ով ձևակերպեց դուբլ՝ երկու անգամ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածները (12-րդ և 49-րդ րոպեներին)։ Բացի այդ, Գակպոն նաև դարձավ գոլային փոխանցման հեղինակ, որից հետո Թեյանի Ռեյնդերսը 57-րդ րոպեին հաշիվը դարձրեց խոշոր։ Հանդիպման վերջնամասում՝ 90+3-րդ րոպեին, Մեմֆիս Դեպայը խփեց չորրորդ գոլը՝ սահմանելով վերջնական հաշիվը։

Այս հաղթանակից հետո G խմբում Նիդերլանդները հինգ խաղից հետո վաստակել է 13 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը։ Մալթան վեց խաղում ունի ընդամենը 2 միավոր և շարունակում է մնալ խմբի վերջին հորիզոնականում։

ԱԱ-2026-ի ընտրական փուլի 3-րդ տուրի մյուս խաղում Ավստրիան սեփական հարկի տակ 10:0 հաշվով ջախջախեց Սան Մարինոյի հավաքականին։ Ռալֆ Ռանգնիկի թիմը ցուցադրեց անհավանական արդյունավետություն։ Արդեն առաջին կեսից հետո հաշիվը 6:0 էր։ Ավստրիացիների կազմում անփոխարինելի էր հարձակվող Մարկո Արնաուտովիչը, ով ձևակերպեց պոկեր՝ գոլեր խփելով 8-րդ, 47-րդ, 83-րդ և 84-րդ րոպեներին։

Գոլերի հեղինակներ դարձան նաև Ռոմանո Շմիդը (7), Միխայել Գրեգորիչը (24), Ստեֆան Պոշը (դուբլ՝ 32, 42) և Կոնրադ Լայմերը (45)։ Երկրորդ կեսում նաև Նիկոլաուս Վուրմբրանդը (76) իր անունը գրանցեց գոլ հեղինակների ցանկում։

Այս հաղթանակի շնորհիվ H խմբում Ավստրիան 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Սան Մարինոն շարունակում է մնալ վերջին հորիզոնականում՝ առանց միավոր վաստակելու։

Արդյունքները և հանդիպման գոլերը՝ ստորև

Ֆինլանդիա — Լիտվա՝ 2:1
Ավստրիա — Սան Մարինո՝ 10:0
Բելառուս — Դանիա՝ 0:6
Կիպրոս — Բոսնիա և Հերցեգովինա՝ 2:2
Չեխիա — Խորվաթիա՝ 0:0
Ֆարերյան Կղզիներ — Չեռնոգորիա՝ 4:0
Մալթա — Նիդերլանդներ՝ 0:3
Շոտլանդիա — Հունաստան՝ 3:1

Leave a Comment