Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել միաժամանակ մի քանի հանգամանքի հետևանքով, որոնցից մեկը՝ օդում ուկրաինական անօդաչուի առկայությունն էր։
«Այժմ կարելի է խոսել այս ողբերգության պատճառների մասին։ Այն կապված է մի քանի հանգամանքի հետ։ Առաջինը՝ այն, որ երկնքում ուկրաինական անօդաչու էր գտնվում։ Մենք միաժամանակ հետևում էինք երեք նման անօդաչուի, որոնք հատել էին Ռուսաստանի Դաշնության սահմանը գիշերով՝ հենց աղետի օրը»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով, երկրորդ հանգամանքը եղել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի տեխնիկական խափանումը.
«Երկու հրթիռները, որոնք արձակվել էին, ուղղակիորեն չեն հարվածել ինքնաթիռին։ Եթե դա տեղի ունենար, այն տեղում կկործանվեր։ Հրթիռները, հավանաբար, ինքնաոչնչացման ռեժիմով պայթել են մոտ 10 մետր հեռավորության վրա։ Վնասը հիմնականում առաջացել է հրթիռների բեկորներից»,-նշել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կհատուցի վնասները և կապահովի արդար քննություն․
«Մեր պարտքն է տալ լիարժեք իրավական գնահատական տեղի ունեցածին և աջակցել զոհվածների ընտանիքներին։ Ինչպես սկզբից պայմանավորվել էինք, անհրաժեշտ փոխհատուցումները կտրամադրվեն ռուսական կողմի կողմից»,-ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության ասել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ անձամբ վերահսկելու հետաքննության ընթացքը և մանրամասն տեղեկություն տրամադրելու համար։