ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
«Զանգեզուր» անունով պրոյեկտ ՀՀ տարածքում չկա ու չի կարող լինել, թե Բաքվում ինչ կասեն, իրենց գործն է։ Այս մասին Կառվարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Ես չեմ կարող Ադրբեջանի փոխարեն երաշխիքներ տամ, բայց այն հայտարարությունները, որոնք հնչել էին Սպիտակ տանը, խոսում էին նրա մասին, որ մենք մտնում ենք կայուն և խաղաղ ժամանակաշրջան։ «Զանգեզուր» անունով պրոյեկտ ՀՀ տարածքում չկա ու չի կարող լինել, թե Բաքվում ինչ կասեն, իրենց գործն է։ Մենք շարունակում ենք աշխատանքները և վերահաստատում ենք, որ պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթը։ ՀՀ-ն ստացել է հնարավորություն խաղաղ և կայուն տարածաշրջան կառուցելու և սկսել է այդ գործընթացը, ստացել ենք հնարավորություն ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր տարածաշրջանում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մեր ամերիկացի գործընկերների հետ։»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրել են մի փաստաթուղթ, ըստ որի Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծվում է այսպես կոչված «Թրամփի ուղի», որը պետք է անխոչընդոտ միացնի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ։
Փաստաթղթում գրված է, որ այդ ճանապարհը լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մաս, սակայն դեռևս հասկանալի չէ, թե ինչ մաքսային ու սահմանային հսկողություն են անցնելու այնտեղով անցնող բեռները։ Սա է նաև պատճառը, որ ընդդիմությունն ու մեծ թվով փորձագետներ մեղադրում են Փաշինյանին Բաքվին ամերիկյան հսկողությամբ միջանցք փոխանցելու մեջ։
—00—ԼԱ