Ժակ Դուվալյան․ Հալեպից մինչև Երևան ու Փարիզ՝ սիրո և երգի ճանապարհով. «Գրեթե 100 տարի»

Սրանից 105 տարի առաջ՝ 1920-ին, Հալեպում ծնվեց մի տղա, որին հետագայում սիրահարվելու էին աշխարհի տարբեր անկյուններում՝ իր գեղեցիկ բարիտոնի, բեմական հմայքի, սիրո և լավագույն զգացմունքերի մասին երգելու համար։ Իսկ ինքն էլ սիրահարվելու էր մեր վարդագույն Երևանին և նրա գարուններին, Բաղրամյան դյութական փողոցով քայլող թխահեր զույգերին, որին կախարդում էին իր սրտից խոսող Հայաստանի ռադիոյի ձայները:  

Երբ 5 տարեկան էր, ընտանիքը Հալեպից  տեղափոխվեց Փարիզ: Տղան երազում էր աստղաֆիզիկոս դառնալու մասին: Բայց փողը չհերիքեց կրթության համար, և ստիպված սկսեց աշխատել: Նաև երգեր հորինեց ու երգեց Փարիզի սրճարաններում:  

Փարիզ, ընկերներ… Շառլ Ազնավուրը, Ժորժ Կառվարենցը և ուրիշները, նրան բեմական մեծ ապագա նախանշեցին: 40-ական թվականներն էին: Ցեղասպանություն վերապրած շատ ընտանքիներ և անհատներ լրջորեն մտածեցին ներգաղթի մասին: Նաև՝ Ժակը:

1954թվականն էր, Ստալինն արդեն բարեբախտաբար չկար և Ժակ Դուվալյանը տեղափոխվեց Հայաստան: Հանդիպումը Հայաստանի պետական էստրադային նվագախմբի ղեկավար Կոստանտին Օրբելյանի հետ մեծ ճանապարհ հարթեց սովետական աշխարհում: Հալեպում՝ գաղթականի ընտանիքում ծնված, Փարիզյան մթնոլորտում փայլատակած Դուվալյանը դարձավ սովետական էստրադային աստղ: Եվրոպական հղկվածությամբ, ֆրանսերենի առոգանությամբ, առեղծվածային հայկական ոգով, նա երգեց բաների մասին, որոնք այնքան անհասանելի էին սովետական մարդկանց ականջի համար, բայց և այնքան ցանկալի:

Մի գեղեցիկ օր էլ դարձավ մոսկովյան հայտնի ջազմեն Սաուլսկու գործիքային անսամբլի մենակատար: Բայց շուտով Օդեսայում կազմակերպված համերգից առաջ ԿԳԲ-ի մի աշխատակից մոտեցավ նրան և կարգադրեց երգացանկից հանել հրեական երգերը: Ժակ Դուվալյանը հեգնանքով հարցրեց նրան. «Ի՞նչ է նացիստները դեռ քաղաքում են»: Դե այս համարձակությունը չէր ներվելու: Եվ 11 տարի խորհրդային բեմերում երգելուց, սովետական ունկնդրի էստրադային ճաշակը հղկելուց  հետո, Դուվալյանը  որոշում կայացրեց վերադառնալ Փարիզ, ոչ այնքան երգելու, որքան վոկալ դպրոց հիմնելու և երգիչներ պատրաստելու նպատակով: 2008-ին Վերսալում, 88 տարեկանում կյանքից հեռացավ, իր ձայնագրությունների շնորհիվ և մարդկանց հուշերում ապրող Ժակ Դուվալյանը: 

Leave a Comment