Գյումրիի քաղաքապետի մեքենան վարել են երթեւեկության կանոնների խախտմամբ. ՆԳՆ բացատրությունը

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան ոստիկանության պարեկային ծառայությունը հատուկ պահպանվող տարածք չի տեղափոխել, 1lurer.am-ին հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Նշված մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, և ժամանակ է տրվել մյուս խախտումը վերացնելու համար»,- ասել է նա։

Ավելի վաղ՝ Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն էր տեղադրվել, ըստ որի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան փորձել են քարշակել ոստիկանության կողմից։

«Այսօր վաղ առավոտյան Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կրկին ճնշումների փորձ է արձանագրվել։ Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են քաղաքապետի ծառայողական ավտոմեքենան՝ նշելով, թե այն ունի տեխնիկական խնդիր և չի կարող շահագործվել։

Ոստիկանության ներկայացուցիչների հավաստմամբ՝ մեքենան զրահապատ է և ենթակա չէ շահագործման սահմանված կարգով, ինչի հիման վրա նրանք պահանջել են այն քարշակով տեղափոխել ոստիկանության բաժին»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Leave a Comment