DoorDash-ը վերջնականացրել է իր 3.9 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը՝ ձեռք բերելով Մեծ Բրիտանիայում հիմնված Deliveroo-ն։
Սա ընկերության երկրորդ խոշոր միջազգային գնումն է երեք տարվա ընթացքում՝ 2022թ.-ին Wolt-ը գնելուց հետո։ Գործարքը, որը հաստատվել է երկու ընկերությունների խորհուրդների և բրիտանական դատարանի կողմից, ամրապնդում է DoorDash-ի ներկայությունը Եվրոպայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում։
Գնումից հետո DoorDash-ը կգործի աշխարհի 45 շուկաներում, որոնցից 30-ը՝ Եվրոպայում։ Deliveroo-ն, որն ունի 7 միլիոն ամսական ակտիվ օգտատեր և ներկայումս գործում է ինը երկրներում, կավելացնի DoorDash-ի 42 միլիոն օգտատերերի թիվը։ Միայն Մեծ Բրիտանիան և Իռլանդիան 2023թ.-ին կազմել են Deliveroo-ի բիզնեսի մոտ 60%-ը։
Երկու ընկերություններն էլ հիմնադրվել են 2013թ.-ին և արագորեն աճել են համավարակի շրջանում, երբ ուտելիքի առաքման հանդեպ պահանջարկը անհամեմատ գլոբալ աճ էր գրանցել։ DoorDash-ը հայտնել է, որ շարունակելու է ընդլայնել իր ծառայությունները՝ առաջարկելով ռեստորանների ամրագրումներ և ռոբոտներով առաքումներ որոշ շուկաներում։
Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում