Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Երևանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացումը խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտ պայման է։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստում Բայրամովը նշել է, որ «նոր ձևավորվող միջազգային անվտանգության ճարտարապետության պայմաններում Թյուրքական պետությունների կազմակերպությունը կարող է դառնալ միասնության և ուժի խորհրդանիշ»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հետևողական և նպատակային քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ խաղաղություն և կայունություն հաստատելու նպատակով։
Բայրամովը հիշեցրել է, որ 2023-ին «Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից» հետո Երևանի և Բաքվի միջև ուղիղ շփումները և կարգավորման գործընթացը դարձել են առավել ինտենսիվ։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերը «պատմական նշանակություն ունեն», սակայն խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է վերացնի իր Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ։