«Ռոսարիո Սենտրալի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է իր հայրենակից Ֆրանկո Մաստանտուոնոյի մասին, որն ամռանից հանդես է գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում։
«Կարծում եմ՝ նա տեխնիկապես շատ ավելի զարգացած է, քան ես։ Նա յուրահատուկ անհատականություն ունի։ Ուրախ եմ, որ «Ռեալն» իր կազմում կրկին ունի արգենտինացու, որը բարձր մակարդակով է ներկայացնում մեր երկիրը»,– ասել է Դի Մարիան DSports-ի հետ զրույցում։
Ֆրանկո Մաստանտուոնոն «սերուցքայինների» կազմում անցկացրել է 8 խաղ՝ խփելով 1 գոլ և կատարելով նույնքան գոլային փոխանցում։
Դի Մարիան «Ռեալի» կազմում հանդես է եկել 2010-ից 2014 թվականներին։ Այդ ընթացքում նա անցկացրել է 190 խաղ, խփել 36 գոլ և կատարել 85 գոլային փոխանցում։