ՀՀ-ն օգնում է ՌԴ-ին պատժել “Нет войне” տարածողին

Ռուսաստանում հակապատերազմական ակցիաների համար հետապնդվող Լիլյա Մանյուխինային օգոստոսի 30-ին կալանավորել են Հայաստանում։ Նա 2024 թվականի մայիսին է փախել Ռուսաստանից՝ իր դեմ սկսված քաղաքական հետապնդումների պատճառով։ ՌԴ-ն առաջադրված մեղադրանքները ծանրացրել է և Մանյուխինային արտահանձնման միջոնդրություն ներկայացրել Հայաստանին։ 

 

Մանյուխինայի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքում ահազանգում է, որ իր պաշտպանյալին կալանանքի տակ պահելը ապրօրինի է, հակասում է Եվրոպական դատարանի պրակտիկային և միջազգային իրավունքին։ Սեպտեմբերի 1-ին կինը դիմել է Միգրացիոն ծառայությանը՝ Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար։ 


«ՀՀ դատարաններն արդեն երկրորդ անգամն է, ինչ արդարադատության նախարարության և դատախազության միջնորդությամբ այս խեղճ աղջկան կալանավորում են՝ հանձման նպատակով։ Ըստ դատարանի՝ ներկայացված տվյալներն առայժմ բավարար չեն քաղաքական հետապնդման փաստ հաստատելու համար։ Սա այն դեպքում, երբ օրենքով անգամ ենթադրությունն է բավարար չկալանավորելու և չհանձնելու համար, էլ ինչ խոսք այն մասին, որ նույն գործով Մանյուխինայի ընկերները այլ երկրներում արդեն ստացել են քաղաքական ապաստան՝ առանց մեկ օր անգամ ազատազրկվելու.. (․․․) Հայաստանի իրավապահ և դատական մարմինները, սակայն, շարունակում են գործել՝ ի ցույց դնելով անփորձություն և իրավական անգրագիտություն։ Մակարդակը՝ զրո։ Նրանց համար բավարար փաստական տվյալներ չեն համարվում մեծ հեղինակություն վայելող միջազգային հասարակական իրավապաշտպան կազմակերպության գրավոր եզրակացությունը, ՌԴ իրավապաշտպանների տված տեղեկանքները, հետապնդումը քաղաքական գնահատելու վերաբերյալ հարյուրավոր լրագրողական հոդվածները, դեպքի վայրից տասնյակ տեսագրությունները, նույն գործով համակատարողներին այլ երկրներում տրված քաղաքական ապաստանի վերաբերյալ ապացույցները և այլ տվյալներ։

Տեղեկացնեմ նաև, որ ավելի ծանր արարքներով միայն վերջին մեկ ամսում Հայաստանի հանձնման յոթ պահանջ Ռուսաստանը մերժել է՝ հետապնդումները քաղաքական որակելով» »,- գրել է Երիցյանը սոցցանցում։

 

Գործի նախապատմությունը՝ իրավապաշտպանական «Քաղաքական դատապարտյալներ. Մեմորիալ» կազմակերպությունից.

 2022 թվականի ապրիլի 16-ին Լիլյա Մանյուխինան, Կիրիլ Տիմոֆեեվը և Անաստասիա Պոլյակովան Մոսկվայի տարբեր փողոցներում փակցնում էին «Нет войне» (Ոչ պատերազմին) գրառմամբ պաստառներ ընդդեմ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներխուժման, երբ նրանց վրա հարձակվում է անծանոթ տղամարդ։ Սկսված վիճաբանությունից հետո տղամարդը հարվածում է կանանցից մեկին և սպառնում կրակել նրանց վրա իր ատրճանակից։ Ակտիվիստներին հաջողվել էր խլել ատրճանակը և նետել աղբարկղը։ Այս էլ հետագայում պատրվակ է դառնում, որ ակտիվիստների փախուստից հետո նրանց դեմ քրեական գործ հարուցվի նախապլանավորված խմբակային կողոպուտի հոդվածով։ Ապրիլի 17-ին երեք ակտիվիստներին կալանավորում են։ 2023 թվականի մարտին նրանց դատապարտում են 2 տարի և 2,5 ամիս ազատազրկման, ինչը փոխվել է հարկադիր աշխատանքների։

Նշենք, որ ըստ ԱՊՀ երկրների միջև «իրավական փոխգործակցության» պայմանագրերի Հայաստան մուտք գործած անձիք հայտնի են դառնում ԱՊՀ անդամ երկրներին, երբ նրանց հանդեպ հայտարարվում է միջազգային հետախուզում։ Ըստ ստանդարտ ընթացակարգի նրանց կալանավորում են 40 օրով, հետագայում կալանքը անընդհատ երկարաձգում։ Միգրացիոն ծառայությունում դիմումները շատ են, ապաստան տալու հայտերը կարող են քննվել ամիսներով։

Դատախազությունը չի տրամադրում պաշտոնական վիճակագրություն՝ քանի անձ է Հայաստանն արտահանձնել Ռուսաստանին։ Չկան անհատների հրապարակումներ ևս, որովհետև արտահանձնվելուց հետո տուժածները իրավական պաշտպանության հույս Հայաստանից էլ չունեն։

Այս ընթացակարգի համաձայն Հայաստանը շատ քաղաքական ակտիվիստների է կալանավորել՝ Ռուսաստանի կամ Բելառուսի պահանջով։ Նրանցից ոմանք, ի վերջո, կարողացել են խուսափել արտահանձնումից։ Օրինակ, Չեչնիայում խոշտանգումների ենթարկված Սալման Մուկաևի դեպքում Հայաստանի դատարանը մերժել է արտահանձնման միջնորդությունը և վերացրել կիրառված սահմանափակումները։ Նիկիտա Կամենսկիին և Իրինա Բելաչեուին անհատական կարգով թույլատրվել է լքել Հայաստանը։ 

Եղել են նաև քաղաքական ապաստան փնտրողների՝ ոչ բարեհաջող ավարտով գործեր։ Ռուսաստանում զորամասն ինքնակամ լքելու հոդվածով մեղադրվող Անատոլի Շչետինին Գյումրիում առևանգել են և ապօրինի պահել 102-րդ բազայում, որը իրականում չունի բազայի հետ կապ չունեցող անձանց դեմ հետաքննություն անելու իրավազորություն։ Նրան, ըստ էության, արտահանձնել են Ռուսաստան՝ հետին թվով իրավական հիմնավորումները փոխելուց հետո։ 

Ռուսաստանցի ուժայինները Գյումրիում առևանգել և ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածք էին տեղափոխել նաև ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին, որին Ռուսաստանում մեղադրում են դասալքության մեջ։ Սետրակովին ևս տարել էին Ռուսաստան։ 

 

The post ՀՀ-ն օգնում է ՌԴ-ին պատժել “Нет войне” տարածողին first appeared on Epress.am.

Leave a Comment