Չեմպիոնների լիգայի ներկայիս ձևաչափը փոփոխելու առաջարկ է արվել․ հայտնի են մանրամասները

Սուպերլիգայի նախագծի կազմակերպիչ A22-ը վերջին ութ ամիսների ընթացքում բանակցություններ է վարել ՈւԵՖԱ-ի, Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ։ Այս երկու ակումբներն առայժմ միակներն են, որոնք չեն հրաժարվել Սուպերլիգայի գաղափարից։

Կողմերը քննարկել են Չեմպիոնների լիգայի ներկայիս ձևաչափը բոլորին հարմար տարբերակով փոփոխելու հնարավորությունը՝ բացառելով երրորդ մրցաշարի ստեղծումը։ Ինչպես փոխանցում է Mundo Deportivo-ն, Սուպերլիգան ՈւԵՖԱ-ին ներկայացրել է երկու հիմնական առաջարկ․ մեկն առնչվում է հեռարձակմանը, մյուսը՝ մրցաշարի ձևաչափին։

Ըստ ծրագրի՝ Չեմպիոնների լիգայի խաղերը պետք է հեռարձակվեն Սուպերլիգայի առաջարկած UNIFY հարթակում։ Դրանք հասանելի կլինեն անվճար՝ գովազդներով, կամ վճարովի պրեմիում տարբերակով՝ առանց գովազդի։

Ձևաչափի փոփոխության հիմնական առաջարկը հետևյալն է․ 36 թիմերը բաժանվում են երկու խմբի՝ հիմնվելով ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի վրա։ Առաջին 18 թիմերը խաղում են մեկ խմբում, իսկ մնացած 18-ը՝ մյուսում։ Սա հնարավորություն կտա ավելացնել ընդհանուր փուլում բարձր մակարդակի և լարված հանդիպումների քանակը։

Առաջարկի համաձայն՝ առաջին խմբի լավագույն ութ թիմերը անմիջապես դուրս կգան փլեյ-օֆֆ, իսկ 9-16-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը անցումային փլեյ-օֆֆում կմրցեն երկրորդ խմբի լավագույն ութ թիմերի դեմ։

Սուպերլիգայի հեղինակները վստահ են, որ այս մոդելը կբարձրացնի երկրորդ խմբի թիմերի հնարավորությունները և կնպաստի մրցաշարի գրավչությանը։ Այժմ սպասվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական արձագանքը։ Ըստ աղբյուրի՝ վերջին ամիսներին ՈւԵՖԱ-ի և Սուպերլիգայի հարաբերությունները բարելավվել են կառուցողական հանդիպումների արդյունքում։

Leave a Comment