Կարին Հելման-Գևորգյանը՝ հայ երաժշտության դեսպանը Շվեդիայում․ «Երաժշտական եռանկյունի»

Հայկական գաղթօջախներում հայկական մշակույթն ու արվեստը, գիրն ու գրականությունը, երգն ու երաժշտությունը պահում, զարգացնում ու տարածում են մշակույթի անմնացորդ գործիչներ, արվեստագետներ,  որոնք նույնիսկ  իրենց սեփական, երբեմն սուղ միջոցներով՝ հնարավորինս բարձր մակարդակով հայ և հատկապես օտար հասարակությանը ներկայացնում են մեր անցյալի ու ներկայի մշակութային ժառանգությունը: Այդ  շնորհալի անձնավորություններից է  շվեդահայ դաշնակահարուհի, կամերային երաժիշտ, կոնցերտմայստեր, կոմպոզիտոր Կարին Հելլման-Գևորգյանը:

Նա  հայկական դասական և ժամանակակից երաժշտությունը շվեդ արվեստագետներին և հասարակությանը մատուցելու առաքելությունը ստանձնած կամավոր է։

Կարին Հելլման-Գևորգյանը 1985 թ.-ին ավարտել է Կոմիտասի անվ. Պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, անցել է կոմպոզիցիայի դասընթացներ Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Աճեմյանի դասարաններում: Դեռևս մանուկ հասակում Կոմիտասի անվան երիտասարդ շնորհալիների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի:

1991-ից տեղափոխվել է Շվեդիա և բնակություն հաստատել Ստոկհոլմում: Կարինի կայացման գործում անգնահատելի դեր է ունեցել ամուսինը՝ Թոմմի Հելլմանը, մասնագիտությամբ պատմաբան, որը, քաջածանոթ շվեդական մտավորական շրջանակներին՝ օտար միջավայրի դժվարությունները հաղթահարելու հարցում անգնահատելի ներդրում ունի Կարինի գործունեության և կարիերայի հարցերում:  

Կարինի համերգային գործունեությունը չի սահմանափակվում միայն Շվեդիայով, այն ծավալվում է Սկանդինավյան երկրներում՝ Ֆինլանդիա, Դանիա, Նորվեգիա, ապա Ֆրանսիա և Ռուսաստան: Դեռևս 1991 թվականին, երբ նոր էր մուտք գործել Եվրոպական միջավայր, Փարիզի ազգային կոնսերվատորիայում տեղի ունեցած դաշնակահարների միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի:

Կատարելագործելով իր հմտությունները Շվեդիայում, Գերմանիայում և այլ Եվրոպական երկրներում, նա մասնակցել է բազմաթիվ վարպետության դասընթացների հայտնի կոմպոզիտորների և երաժշտագետների մոտ, որոնցից կարելի է նշել Լև Նաումովին (Հանովեր), Զալցբուրգի Մոցարտի անվ. Ամառային ակադեմիայում Հանս Լեյգրաֆին, Ռոբերտ Լևինին, Նորման Շետլերին և Ալեքսանդր Մյուլենբախին:

Իրականացրել է արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված համերգային ծրագրեր Դանիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Ֆրանսիայում: Հեղինակել է դաշնամուրի, ձայնի և նվագախմբի համար բազմաժանր ստեղծագործություններ:

Մեծ գիտելիքներով և նվիրվածությամբ Կարին Հելման Գևորյանը ավելի քան 20 տարի իրականացնում է երաժշտական առաքելություն, կատարելով նախկինում անտեսված դաշնամուրային գանձերը՝ միաժամանակ ներկայացնելով շվեդական երաժշտությունը արտերկրում:

Որպես համերգային կատարող, Գևորգյանը շվեդ և համաշխարհային դասական այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին մշտապես հնչեցնում է հայ կոմպոզիտորների, ինչպես նաև իր ստեղծագործությունները:

Համաշխարհային դասականների և հայ կոմպոզիտորների հոբելյանները միշտ եղել են նրա ուշադրության կենտրոնում: Իր ծրագրերից մեկը նվիրել է հատկապես Կոմիտասին:

Նրա մասին ճիշտ բնութագիր է տալիս Սվետլանա Նավասարդյանը, գրելով. «Հայաստանում հասակ առած, այնուհետև Ստոկհոլմում հաստատված դաշնակահարուհին հայ երաժշտության դեսպանն է Շվեդիայում, որի ջերմեռանդ և բազմաբեղուն գործունեությունը լավագույնս նպաստում է երկու մշակույթների մերձեցմանը, կամուրջ գցում փոխհարստացնող համագործակցման համար»։

Source link

Leave a Comment