Կառավարությունն ու քաղաքապետարանը վերջին 3 տարիներին Հյուսիս-հարավ մայրուղու հարցով ցուցաբերել են անգործություն. Նաիրի Սարգսյան


Հասարակություն


«Դատարանը կրկին մերժեց Հյուսիս-հարավ ճանապարհի Մալաթիայի հատվածում շինարարության արգելքը վերացնելու միջնորդությունը: Իհարկե կարելի է ամբողջ մեղքը գցել միայն դատարանի վրա, բայց հանուն արդարության պետք է ասեմ, որ Կառավարությունն ու քաղաքապետարանը վերջին 3 տարիներին այս հարցով ցուցաբերել են անգործություն: Հրաշալի է, որ 300 դպրոց ու մանկապարտեզ ենք կառուցում և տարեկան 500 կմ ճանապարհ ենք նորոգում մարզերում, բայց դա չի արդարացնում այստեղի ձախողումը»,- գրել է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Նաիրի Սարգսյանը։

Նա շարունակում է.

«Ինձ համար չափազանց բարդ է մերոնց քննադատելը, բայց ցավոտ է տեսնել, որ Ճապոնիայում քանդված ճանապարհը (նաև գազի, հոսանքի, ջրի, կոյուղու գծերը) գիշեր-ցերեկ աշխատելով նորոգում են 7 օրում, իսկ մենք 3 տարի չենք կարողանում կառուցել 250 մետրանոց ճանապարհը:

Երբ մայիսին սկսեցի զբաղվել այս հարցով, ինձ քաղաքապետարանի ԾԻԳ-ից ասացին, որ լավ իրավաբանի կարիք ունեն, ես խնդրեցի իմ փաստաբան ընկերը հակընդդեմ ապահովում պահանջելու միջնորդություն գրեց, դա փոխանցեցի իրենց, բայց արդեն 4 ամիս է չեն ներկայացնում դատարան՝ հույս ունենալով առանց դրա հաշտության գալ հայցվորի հետ: Հավանականությունը շատ մեծ էր, որ դա կբավարարվեր և հիմա արդեն շինարարության փուլում կլինեինք։

Ինձ կմեղադրեն «ընդդիմադիր» տեքստի համար, բայց սա առաջին հերթին ՔՊ-ի համար եմ գրել, որ մինչև հաջորդ ընտրություններ այս ճանապարհը սարքած լինի, ակնհայտ է այդ հատվածներում ապրող և ժամերով խցանման մեջ մնացողն ինչպես կքվեարկի»։


Leave a Comment