01 Հոկտեմբերի 2025, 22:02
Միացյալ Համաշխարհային Ըմբշամարտի (UWW) Մարզիկների հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվել է Արսեն Ջուլֆալակյանը երկրորդ ժամկետով՝ 2025-2029 թվականները: Նա կշարունակի ղեկավարել հանձնաժողովը, որը ներկայացնում է հունահռոմեական, ազատ և կանանց ըմբշամարտը։
Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը, ով այդ պաշտոնը ստանձնել էր 2021 թվականին, միակ թեկնածուն էր այդ պաշտոնի համար՝ Զագրեբում կայացած Ըմբշամարտի աշխարհի առաջնության շրջանակներում անցկացված ընտրություններից հետո:
Որպես հանձնաժողովի նախագահ Ջուլֆալակյանը կշարունակի ներկայացնել ըմբիշների շահերը UWW-ի Բյուրոյում և Կոնգրեսում, ինչպես նաև միջազգային հարթակներում, ինչպիսիք են ՄՕԿ-ի Մարզիկների ֆորումը, WADA-ն և այլ կազմակերպություններ։
«Ես շնորհակալ եմ ըմբշամարտի ողջ ընտանիքին վստահության և UWW-ի Բյուրոյում և համաշխարհային ասպարեզում նրանց ներկայացնելու պատվի համար»,- հայտարարել է Ջուլֆալակյանը։ «Ամեն ինչ կանեմ, որպեսզի արժանապատվորեն իրականացնեմ այս առաքելությունը և ապահովեմ, որ ձեր ձայնը լսելի լինի ողջ աշխարհում:

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել UWW-ի նախագահ Նենադ Լալովիչին, Բյուրոյի անդամներին և բոլոր ազգային ֆեդերացիաներին աջակցության համար։ Ուզում եմ նաև օգտվել առիթից և կոչ անել ըմբիշներին ակտիվորեն մասնակցել UWW-ի Մարզիկների հանձնաժողովի աշխատանքներին»,- ասել է նա։
Սեպտեմբերի 12-ից 20-ը Զագրեբում տեղի են ունեցել Հանձնաժողովի ընտրությունները, որոնց ընթացքում ընտրվել են ինը անդամներ, ներառյալ չորս կին.
Արսեն Ջուլֆալակյան (Հայաստան);
Յուի Սուսակի (Ճապոնիա);
Տոմաշ Լորինց (Հունգարիա);
Այսուլու Տինիբեկովա (Ղրղզստան);
Հասան Յազդանի (Իրան);
Մարիա Պրեվոլարակի (Հունաստան);
Աբդելլաթիֆ Մոհամեդ (Եգիպտոս);
Ջեսսիկա Լավերս-Մաքբեյն (Ավստրալիա);
Նիկոլաս դե Լանգե (ՀԱՀ)։
Ընտրություններից հետո UWW-ն հայտարարել է նախագահի պաշտոնի համար հայտերի ընդունման մասին։ Քանի որ Ջուլֆալակյանը միակ թեկնածուն էր, նա ընտրվել է առանց քվեարկության և կշարունակի աշխատանքը այս պաշտոնում։ UWW-ն շնորհավորել է նրան վերընտրվելու կապակցությամբ։