Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոց, հանդիպել ուսուցիչների հետ, քննարկել կրթության ոլորտին վերաբերող հարցեր:
ԿԳՄՍ նախարարն Ուսուցչի օրվա կապակցությամբ շնորհավորել է նաև դպրոցի ամենատարեց մանկավարժին՝ Հայոց լեզվի և գրականության 75-ամյա ուսուցչուհի Շուշան Սաֆարյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նրան 52 տարվա նվիրված աշխատանքի համար։
Գավառ կատարած այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը հետևել է նաև ակադեմիկոս Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նոր մասնաշենքի, այլ ենթակառուցվածքների կառուցման և մարզադահլիճի վերակառուցման աշխատանքներին: Նախարարին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը:
Գավառի Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նոր շենքի կառուցումն իրականացվում է պետբյուջեի միջոցներով։ Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականից։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 320 միլիոն 448 հազար դրամ։ Ծրագրով նախատեսվում է կառուցել 1132 քառակուսի մետր մակերես ունեցող ուսանողական 1 մասնաշենք, կաթսայատուն, անասնակերի և գյուղտեխնիկայի համար շվաքարաններ, «Խելացի» անասնագոմ, մարզական խաղահրապարակ, վերակառուցել առկա մարզադահլիճը և միջանցքը։