Ռուսաստանը կստանձնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի պարտականությունները այն ամսին, երբ համաշխարհային կազմակերպությունը կնշի իր 80-ամյակը, հաղորդում է TASS-ը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կազմակերպության կենտրոնակայանում լրագրողների համար կայանալիք մամուլի ասուլիսում կներկայացնի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու մարմնի աշխատանքային ծրագիրը։
Անվտանգության խորհրդում նախագահությունը տեղի է ունենում ռոտացիոն հիմունքներով և տևում է մեկ ամիս։ Ռուսաստանը նախագահությունը ստանձնում է Հարավային Կորեայից և նոյեմբերին այդ գործառույթները կփոխանցի Սիերա Լեոնեին։ Վերջին անգամ Ռուսաստանը համակարգել է համաշխարհային կազմակերպության առանցքային կառույցի աշխատանքը 2024 թվականի հուլիսին։
ՌԴ-ի նախագահությունը համընկել է ՄԱԿ-ի հիմնադրման ամսվա հետ. համաշխարհային կազմակերպության պաշտոնական ծննդյան օր է համարվում 1945 թվականի հոկտեմբերի 24-ը, երբ Խորհրդային Միությունը հանձնել է վավերացման փաստաթուղթը, ինչը ապահովել է ՄԱԿ-ի Կանոնադրության՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ վավերացումների քանակը։
Նախագահի գործառույթների մեջ, ի թիվս այլոց, մտնում է մարմնի նախնական ծրագրի կազմումը տվյալ ամսվա համար, Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպումների անցկացման վերաբերյալ որոշումների համաձայնեցումը, ինչպես նաև նիստերի վարման կարգի վերաբերյալ հարցերի լուծումը։