ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ առանց նախապայմանների, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։
Նա հիշեցրել է, որ իր առաջին ժամկետի ընթացքում Թրամփը երեք անգամ հանդիպել է ԿԺԴՀ առաջնորդի հետ, և դա նպաստել է «Կորեական թերակղզում իրավիճակի կայունացմանը»։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը այդ ժամանակվանից ի վեր չի փոխվել։
«Նախագահ Թրամփը բաց է մնում Կիմ Չեն Ընի հետ երկխոսության համար՝ առանց նախապայմանների», – ասել է անանուն պաշտոնյան։ Yonhap-ը բացատրում է, որ սա առաջին անգամն է, որ Սպիտակ տունը պարզաբանում է, որ ամերիկացի նախագահը նախապայմաններ չի պահանջում։
Ավելի վաղ հարավկորեացի պաշտոնյան չէր բացառել Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի ժամանակ։