Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ

Սեպտեմբերի 30-ին Վարշավայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։  Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև գործընկերության խորացման հնարավոր ուղղություններն ու առկա մեխանիզմները։

Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին մտքեր են փոխանակել ԵՄ շրջանակներում ընթացիկ գործընթացների, ինչպես նաև ՀՀ եվրոպական ինտեգրացիային առնչվող հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքին, ՀՀ-ԵՄ՝ տարբեր ուղղություններով խորացող գործընկերության հարցերի։

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև աշխարհաքաղաքական զարգացումներին, ժողովրդավարական գործընթացներին՝ ընդգծելով առկա մարտահրավերների հաղթահարման հարցում փոխգործակցության կարևորությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ շեշտելով հատկապես հաստատված խաղաղության կարևորությունը տարածաշրջանի կայուն զարգացման, հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment