14 տարվա դադարից հետո Երևանի կրկեսը վերադառնում է․ Tashir Arena-ն՝ բացառիկ կենտրոն Հայաստանի համար

30 Սեպտեմբերի 2025, 17:30

14 տարվա դադարից հետո Երևանի կրկեսը վերադառնում է՝ ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան նոր շենքով։ Հոկտեմբերի 24-ին տեղի կունենա բազմաֆունկցիոնալ մշակութային ու ժամանցային Tashir Arena կենտրոնի բացման արարողությունը։ Մեկ օր անց արդեն, Tashir Arena-ն հանդիսատեսի դատին կներկայացնի իր առաջին ներկայացումը՝ ETERNIA թատերակրկեսային շոուի պրեմիերայով։

«Երբ «Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք բերեց Երևանյան կրկեսի շենքը, այն այդ պահին գտնվում էր վթարային վիճակում և անվտանգ չէր շահագործման համար։ Ուսումնասիրությունները կատարելուց հետո որոշում կայացվեց, որ ավելի անվտանգ է շենքը քանդել և կառուցել նոր, ավելի անվտանգ շենք, ինչն էլ սկսեց անել «Տաշիր» ընկերությունների խումբը։ Շենքը բավականին կարճ ժամանակում կառուցվեց, բայց կար խնդիր այն համալրել տեխնոլոգիայով և տեխնիկայով, իսկ Սամվել Կարապետյանի կողմից կար դրված խնդիր՝ շենքը պետք է լինի բազմաֆունկցիոնալ և համալրված նոր տեխնոլոգիաներով։

Սկսվեց նախագծման փուլը, հետո՝ ձեռքբերման փուլը, սակայն Covid 19 համաճարակը, արցախյան դեպքերը իրենց շտկումները մտցրեցին այդ բոլոր պրոցեսների մեջ: Բայց կարծում եմ՝ բոլոր սպասումները արդարացված են, քանի որ մենք հասանք մեր նպատակին և ստացանք ոչ միայն Երևանի, Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար շատ բարձր մակարդակի, անվտանգ, նոր տեխնոլոգիաներով հագեցած շենք, որտեղ կարող ենք անցկացնել շատ և շատ տարբեր տիպի միջոցառումներ»,- նշել է Tashir Arena-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը։

Leave a Comment