Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարման եւ Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու մասին ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները Կրեմլն ուշադիր ուսումնասիրում է, այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ կարեւոր է հասկանալ` հրթիռները Ուկրաինայի տարածքից կիրառելու են ամերիկացինե՞րը, թե՞ ուկրաինացինե՞րը։ Պեսկովը նաեւ հավելել է, որ հրթիռների մատակարարումը ռազմաճակատում իրավիճակը չի փոխի։
Ավելի վաղ` ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը Fox News-ի եթերում նշել էր, որ Դոնալդ Թրամփը թույլատրել է Ուկրաինային կիրառել հեռահար զենք՝ Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու համար։
«Կարծում եմ, հաշվի առնելով այն, ինչ ասել է նա, ինչպես նաեւ այն, ինչ ասել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պատասխանը հետեւյալն է․ այո, օգտվեք խորքային հարվածների հնարավորությունից։ Ռուսաստանում այլեւս չկա անխոցելի վայր»,- ասել է Քելլոգը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դրանից մեկ օրը առաջ, կրկին Fox News-ին, ասել էր, որ վերջին շաբաթներին Ռուսաստանը հրաժարվել է Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններից եւ ԱՄՆ մասնակցությամբ եռակողմ հանդիպումներից։
«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղությանը, բայց տանգոն պետք է երկուսով պարել»,- ընդգծել էր Վենսը՝ հույս հայտնելով, որ Մոսկվան «կարթնանա եւ կընդունի իրականությունը»։
Անցած շաբաթ The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը չի բացառել վերացնել Ռուսաստանի տարածքին ԱՄՆ հեռահար զենքով հարվածելու սահմանափակումները։ Միեւնույն ժամանակ, ըստ թերթի, Թրամփը նաեւ որեւէ խոստում չի տվել։