«Առաջարկում ենք 1-ից 6-րդ դասարանների սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Նրա խոսքով, եթե երեխան պետք է ստիպված լինի հեռախոսը բերել դպրոց, այն դասերի սկզբում կտրվի դասղեկին, համապատասխան վայրում կպահվեն և միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել։
«Իսկ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակված օգտագործում։ Այն վերաբերում է ոչ միայն հեռախոսներին, այլ խելացի ժամացույցներին, պլանշետներին։ Խիստ սահմանափակ օգտագործում, բացառապես ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ։ Այն կարող է շաբաթական 1-2 անգամ տեղի ունենալ»,- հայտնեց Խաչատրյանը՝ նշելով, որ որոշումը պատրաստվում են ուղարկել դպրոցներ։
Խաչատրյանը նշեց, որ բոլոր դպրոցներին կառաջարկվի այդ կարգավորումը ներառել ներքին կանոնակարգերում և ծնողներին իրազեկել դրա մասին, իսկ 15 դպրոցներում մոնիթորինգ կարվի և տարեվերջին կգնահատեն աշակերտների ակտիվությունը և առաջադիմության որակը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հանձնարարաեց ստանալ դպրոցների կարծիքները, որից հետո նոր որոշումը պարտադիր ուղարկել տնօրեններին։
«Իհարկե դպրոցականները սկզբում որոշակիորեն կընդվզեն այս մեր որոշման դեմ, բայց կրթության որակի վրա, նրանց առօրյայի, նրանց, նույնիսկ, երջանկության վրա, վստահորեն այս արգելքները դրականորեն են ազդելու»,- ասաց Ավինյանը։