Դավիթ Տոնոյանը վկայել է բանակցային գործընթացին տեղյակ չլինելու, ռազմական բյուջեում անհրաժեշտ գումարներ չներդնելու, պատերազմի ժամանակ իրեն մեկուսացնելու վերաբերյալ. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գիրք/հարցազրույցների շարքը աչքի անցկացրեցի, որտեղ 44-օրյա պատերազմի ու պարտության պատճառների մասին մեծ թվով հիմքեր է ներկայացված (դրանցից շատերի մասին տարբեր գործիչներ և փորձագետներ են նաև խոսել):

Գրքում ներկայացված է 2018-20 թթ.-ին զինվորականների դեմ իրականացված իշխանական ճնշումների, այդ ժամանակվա նախարարի՝ բանակցային գործընթացին տեղյակ չլինելու, ռազմական բյուջեում անհրաժեշտ գումարներ չներդնելու, պատերազմի ժամանակ իրեն մեկուսացնելու վերաբերյալ բազմաթիվ թեմաներ:

Թեև հարցազրույցների շարքում նկատելի է նաև Տոնոյանի ինքնաարդարացման հանգամանքը, սակայն, այնուամենայնիվ, կարևոր եմ համարում, որ Տոնոյանը՝ որպես նախկին առանցքային պաշտոնյա, որոշակի մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմին նախորդած և բուն պատերազմի բազմաթիվ դրվագների մասին, որով շատ հստակ է դառնում գործող իշխանության մեղավորությունն ու պատասխանատվությունը պարտության և դրան հաջորդած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ:

Հ.Գ. Տոնոյանը հարցազրույցում դժգոհում է, որ ԱԺ տապալված քննիչ հանձնաժողովին, որին ինքը մասնակցել է ընդդիմության ներկայացուցիչները ներկա չեն եղել, ինչից հետո էլ ասում է, որ դրանից հետո ընդդիմության հետ հանդիպելու ցանկություն չունի:

Եթե Տոնոյանը մինչև հիմա չի գիտակցել, որ եթե նման հանդիպման անհրաժեշտություն առաջանա, ապա ընդդիմության առանձին ներկայացուցիչներին հանդիպելը բացառապես իր շահերից է բխում, դա արդեն իր խնդիրն է, բայց ես տեղյակ էլ չեմ, թե ով կամ ովքեր են փորձել նրա հետ հանդիպել, որ նա էլ համաձայնվել կամ չի համաձայնվել: Հուսով եմ, որ ընդդիմության մասով ձևակերպումը չի ասվում, որպեսզի դա ընդամեն իշխանությունը ֆիքսի:

Գլխավոր լուսանկարը՝ Արա Թադեւոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment