Հենրիկ Մարգարյանը ծնվել է 1993 թվականին Գյումրիում։ 2018 թվականին ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը, իսկ 2019-ին՝ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրան։
2020 թվականի հունվարին Հենրիկը ծառայության անցավ Արցախի 7-րդ պաշտպանական շրջանի «Եղնիկներ» կոչվող զորամասում։
44-օրյա պատերազմի օրերին զորամասի բուժկետում էր։ Բազմաթիվ մահեր ու ծանր վիրավորումներ տեսած բժշկի համար պատերազմի ամենածանր օրը, այդուհանդերձ, նոյեմբերի ինն էր։
«Այդ օրն ամբողջ առաջնագիծը վիրավոր էր»,-ասում է Հենրինը։ Պատերազմից հետո ծառայությունը շարունակել է Արցախի պաշտպանության բանակի մի քանի զորամասերում, զորացրվել է 2022-ի փետրվարին։ Արցախից վերադառնալուց ամիսներ անց կրկին ընդունվեց ԵՊԲՀ՝ ավարտելով օրդինատուրան «Ընդհանուր վիրաբուժություն» մասնագիտությամբ։ Այդ մասնագիտությամբ էլ այժմ աշխատում է «Տոնոյան» բժշկական կենտրոնում։
Պատերազմից մնացել են ընկերներն ու նրանց հետ կապված հուշերը։ Ցավոք, որպես հուշ մնաց նաև Ակիի՝ Արայիկ Մաթևոսյանի պատմությունը։ Ակին ծնվել էր Աբովյան քաղաքում, լեյտենանտի կոչումով ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ 2006-2016 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈւ-ում` որպես հրաձգային վաշտի հրամանատար, 2016-2023-ին` Արցախի ՊԲ-ում` որպես «Եղնիկների» վաշտի հրամանատար։
44-օրյային Ակին վիրավորվել էր, սակայն կարճ ժամանակ անց կրկին Արցախ՝ առաջնագիծ, վերադարձել։ Զոհվեց 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Մռավի լեռներում: Արայիկ Մաթևոսյանն ամուսնացած էր, ունի մեկ զավակ: