Ազգային ժողովում լսումներ են վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով, դրսում՝ ակցիա (լրացվում է)

Ազգային ժողովում լսումներ են «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած՝ վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով:

Օրակարգում «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծն է:

«Այս լսումների կազմակերպման դրդապատճառը մեր երկրում կառավարիչների հակապետական գործողություններին հակազդելն է:

Այսօր մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մեկ վայրում կարողանան քննարկել գործնական լուծումներ, թե ինչպես կարելի է հասնել իշխանափոխության», – հայտարարեց նիստը վարող, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Զուգահեռ խորհրդարանի դիմաց ակցիա է ընթանում: Հավաքված քաղաքացիները պահանջում են իրագործել Փաշինյանի իմփիչմենթը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցությունն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ է սկսել: Առիթը, ինչպես նշել էին, վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով խորհրդարանական լսումներն էին, Փաշինյանին հեռացնելու օրակարգի շուրջ համախմբումը:

Հայտնի է, որ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանն արդեն հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, Ազգային ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, «Դեմոկատական այլընտրանք» կուսակցության ղեկավարներին:

Ըստ Մամիջանյանի՝ իմփիչմենթին հասնելու ճանապարհին առաջին կարևորագույն կետը ընդդիմադիր դաշտի, առաջին հերթին՝ խորհրդարանական ընդդիմության կոնսոլիդացիան է:

Leave a Comment