ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում կոչ է արել դադարեցնել ռուսական նավթի գնումը։
Թրամփը նշել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարեցնում էներգակիրների ներմուծումը Ռուսաստանից՝ ընդգծելով, որ ընթացիկ պատերազմն արդեն «միլիոնավոր կյանքեր է խլել»։
«Եվ ինչի՞ համար։ Ամոթալի է»,-ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ «ամոթ է» այն, ինչ անում է Ռուսաստանը, և շեշտել է, որ Վլադիմիր Պուտինը «պետք է դադարեցնի» պատերազմը։
Թրամփն ընդգծել է նաև, որ իր և Էրդողանի միջև կանցկացվեն բանակցություններ, որոնց ընթացքում «երկու երկրների համար էլ շահավետ առևտրային համաձայնագրեր կստորագրվեն»։
Թրամփը նշել է, որ «հաճույք» է Էրդողանին հյուրընկալել Սպիտակ տանը
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ «հաճույք է» ընդունել թուրք գործընկերոջը։
Նա նշել է, որ պատրաստվում են քննարկել առևտրային հարաբերությունները և ռազմական ինքնաթիռների վերաբերյալ հարցեր՝ ընդգծելով, որ երկուստեք «երկար տարիներ լավ հարաբերություններ են ունեցել»։
Թրամփը խուսափում է հրապարակային քննադատությունից Գազայի հարցում
Թրամփը խուսափել է որևէ հրապարակային քննադատություն հնչեցնել Գազայի վերաբերյալ՝ Էրդողանի հետ հնարավոր տարաձայնությունների մասին հարցին ի պատասխան։ Նա նշել է, որ տեղյակ չէ Թուրքիայի նախագահի դիրքորոշմանը։
Մինչդեռ, ինչպես գրում է BBC-ին, Էրդողանը վերջին օրերին մի քանի անգամ հստակ արտահայտել է իր կարծիքը։
Այս շաբաթվա սկզբին՝ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում, նա կոչ է արել միջազգային հանրությանը կանգնել «ճնշված պաղեստինցիների կողքին՝ հանուն մարդկության»։
«Մինչ ձեր ժողովուրդն արձագանքում է Գազայի բարբարոսությանը, քաջություն ունեցեք և գործեք»,-ասել է Էրդողանը։
Fox News-ին տված հարցազրույցում Էրդողանը բացահայտորեն մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «ցեղասպանություն գործելու» մեջ։