Փարաքարում սեպտեմբերի 24-ի գիշերը տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորում ստացած քաղաքացին (Արծրուն Գալստյանը-խմբ) գիտակցության է եկել, քննիչը հարցաքննել է նրան, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ՔԿ-ից Armenia Today-ին նաև տեղեկացրել են, որ սեպտեմբերի 24-ին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև Գալստյանի վիրավորվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Քրվարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարի ժամկետով), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով) հատկանիշներով։
ՔԿ-ից հավելել են, որ նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:
Գրիգորյանը Փարաքարի ղեկավար էր ընտրվել մարտին կայացած ընտրությունների արդյունքներով։ Նա առաջադրվել էր ընդդիմադիր «Միասնություն» դաշինքից, որի կազմում էին «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները: ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը տեղեկացրել էր, որ ձերբակալվածներ չկան։
