Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանի շենքում հայտնաբերվել է Բորիս Ավագյանի մարմինը

Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից երեկ փախուստի դիմած նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանը ենթադրաբար ինքնասպան է եղել Հայաստանի հյուպատոսարանի շենքում, հաղորդում է Ria novosti-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։

«Նախնական տվյալներով՝ Ավագյանն ինքնասպան է եղել հյուպատոսարանում»,-նշել է գործակալության աղբյուրը։

Նախօրեին Սանկտ Պետերբուրգի դատարանների մամուլի ծառայության ղեկավար Դարյա Լեբեդևան հայտնել էր, որ Սանկտ Պետերբուրգի Ռոսրեեստրի նախկին փոխղեկավարը փախել է Կրոնշտադտի շրջանային դատարանից, որտեղ քննվում էր նրա կալանքի վերաբերյալ դատախազության միջնորդությունը։

Լեբեդևայի խոսքով՝ Ավագյանին ուղեկցում էին ռազմական ոստիկանության աշխատակիցներ, քանի որ նրա նկատմամբ հարուցված գործը՝ մաքսային ծառայությունից խուսափելու համար, ժամանակավորապես կասեցվել էր Պաշտպանության նախարարության հետ հատուկ ռազմական գործողություններին մասնակցելու պայմանագիր կնքելու հիմքով։

Սակայն պարզվել է, որ նա երբեք չի մեկնել գործողությունների գոտի։ Բաց աղբյուրների տվյալներով՝ 2009 թվականին Ավագյանը եղել է «Սանկտ Պետերբուրգի նավահանգիստ» մաքսային միջնորդական ընկերության համահիմնադիրներից և զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։

2010-2014 թվականներին աշխատել է Լենինգրադի մարզում՝ Դաշնային գույքի կառավարման գործակալության (Ռոսիմուշչեստվո) վարչության տնօրենի տեղակալ, իսկ 2014–2016-ին՝ Սանկտ Պետերբուրգի Ռոսրեեստրի ստորաբաժանման գլխավոր տեսչի տեղակալ։ Նրա վերջին պաշտոնը եղել է Ռոսրեեստրի Լենինգրադի մարզի վարչությունում։

Բորիս Ավագյանը Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչն էր։

Ավագյանը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքից տեսաուղերձ էր հղել, որտեղ խնդրում էր իրեն արտահանձնել Հայաստան:

Leave a Comment