ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Ուկրաինան, Եվրամիության աջակցությամբ, ի վիճակի է պայքարել և վերականգնել իր ամբողջ տարածքը նախկին սահմաններով»,- գրել է նա իր TruthSocial հարթակում՝ Նյու Յորքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։
«Ժամանակի, համբերության և Եվրոպայի, մասնավորապես ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ, այս պատերազմի սկզբնական սահմանների վերականգնումը լիովին հնարավոր է»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ Ռուսաստանը 3,5 տարի է, ինչ մղում է «անիմաստ պատերազմ, որն իրական ռազմական տերությունը կհաղթի մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում»։
Նրա խոսքով, դա Ռուսաստանին դարձնում է «թղթե վագր»։ Թրամփը չի բացառել, որ Կիևը կարող է «ավելի հեռու գնալ»․ «Ուկրաինան կկարողանա վերականգնել իր երկիրը սկզբնական «տեսքով», և ո՞վ գիտի, գուցե նույնիսկ ավելին»,-ասել է նա։
Նա նշել է նաև, որ Ռուսաստանը բախվում է լուրջ տնտեսական խնդիրների, և այժմ «Ուկրաինայի գործելու ժամանակն է»։
Թրամփը խոստացել է շարունակել ՆԱՏՕ-ի զինված աջակցությունը։
Այդուհանդերձ, նա չի հստակեցրել, թե արդյոք «սկզբնական տարածք» ասելով նկատի ունի նաև Ղրիմը։
Թրամփը պնդում է, որ իր նոր պաշտոնավարության ընթացքում լիովին վերանայել և հասկացել է Ուկրաինայի ու Ռուսաստանի ռազմական և տնտեսական իրավիճակը։
Ուկրաինան պատրաստ է Թրամփին առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Թրամփին հաջողվի ավարտել պատերազմը, Ուկրաինան պատրաստ է նրան առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի։ «Թրամփն ունի հնարավորություն ավարտելու այս պատերազմը, և եթե նա դա անի, ես վստահ եմ, որ բոլոր ուկրաինացիները դա կընդունեն մեծ հաճույքով։ Սա անհավանական առաքելություն է»,- Նյու Յորքում Թրամփի հետ հանդիպումից հետո DW-ին տված հարցազրույցում ասել է Զելենսկին։
Նրանց հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում տևել է մոտ մեկ ժամ։
Թրամփի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի վերաբերյալ
Նախկինում Թրամփը պաշտպանել էր այն գաղափարը, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է խոցեն դաշինքի օդային տարածքը խախտող ռուսական ռազմական ինքնաթիռները։
«Այո, համաձայն եմ»,- Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում ասել է նա։ Սակայն Թրամփը խուսափել է հստակ պատասխանել, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է անմիջապես միջամտել նման իրավիճակներում՝ նշելով, որ «դա կախված է հանգամանքներից»։