«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության մասին, որը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին։ Փարիզյան թիմի հարձակվող Ուսման Դեմբելեն համարվում է այդ մրցանակի հիմնական հավակնորդներից մեկը։
«Ոչինչ։ Ես արդեն խոսել եմ այդ մասին։ Բայց իմ գլխում հնչում է մի երգ (սկսում է երգել)՝ «Ոսկե գնդակը»՝ Ուսմանին», — Էնրիկեի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը։
Անցած մրցաշրջանում Դեմբելեն մասնակցել է ակումբային մակարդակով անցկացված 53 հանդիպման՝ խփելով 35 գոլ և կատարելով 16 գոլային փոխանցում։ ՊՍԺ-ի կազմում հարձակվողը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել է Ֆրանսիայի գավաթը, Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգան։