Հարձակվող Վինիսիուս Ժունիորը և Մադրիդի «Ռեալը» դադարեցրել են ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները Աշխարհի ակումբային առաջնությունից և Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մադրիդում կայացած վերջին հանդիպման ժամանակ բրազիլացի ֆուտբոլիստը զգալիորեն նվազեցրել է իր ֆինանսական պահանջները «սերուցքայինների» նկատմամբ։ Կողմերը մոտ էին նոր պայմանագիր կնքելուն, սակայն գործընթացը դանդաղել է Ալոնսոյի՝ թիմի ղեկը ստանձնելուց և ակումբային աշխարհի առաջնությունից հետո։
Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ կլինեն Վինիսիուսի՝ «Ռեալում» ապագայի համար։ Եթե հարձակվողը դժգոհ մնա թիմում իր դերից, չի բացառվում, որ նա կարող է լքել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է 11 հանդիպման՝ բոլոր մրցաշարերում, խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt-ի տվյալների՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 170 միլիոն եվրո։