Ես ուզում եմ ասել Արտետային, որ եթե Արսենալը հաղթի Պրեմիեր լիգան, դա կլինի միայն փողի շնորհիվ․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի «Նապոլիի» դեմ հաղթական խաղից հետո (2:0) բարձր տրամադրությամբ է ներկայացել հետխաղյա մամուլի ասուլիսին։

Պեպը ասուլիսի ընթացքում խոսել է ԱՊԼ-ի հաջորդ տուրում «Արսենալի» դեմ խաղի մասին և կատակով անդրադարձել «Զինագործների» և «Լիվերպուլի» ամառային տրանսֆերային ծախսերին։

«Ես ուզում եմ ասել իմ ընկեր Արտետային, որ եթե նա նվաճի Պրեմիեր լիգայի տիտղոսը, դա կլինի այն պատճառով, որ նրանք շատ գումար են ծախսել, այլ ոչ թե այն պատճառով, որ նա և իր խաղացողները քրտնաջան աշխատել են։ Նույնը վերաբերում է նաև «Լիվերպուլին»։

Եթե Սլոտը կրկին հաղթի Պրեմիեր լիգան, դա կլինի այն պատճառով, որ նրանք շատ գումար են ծախսել։ Չէ՞ որ սա վերաբերում է ոչ միայն «Մանչեսթեր Սիթիին»։ Յուրաքանչյուր ակումբ կարող է անել այն, ինչ ուզում է։ «Արսենալը» գործեց իմաստուն կերպով։ Նրանք ծախսեցին այնքան, որքան կարծում էին, որ կարող են իրենց թույլ տալ՝ մրցելու Պրեմիեր լիգայի և Եվրոպայի լավագույն թիմերի հետ։ Եվ նրանք հասան այդ մակարդակին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 19:30-ին։

Leave a Comment