«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը հայտարարել է, որ ազատվել է իր ավտոմեքենաների ամբողջ հավաքածուից և այլևս մեքենաներ չունի։
«Այլևս մեքենաներ չունեմ, վաճառել եմ ողջ հավաքածուս։ Հիմա ինձ ավելի շատ գրավում է արվեստը։ Եթե երբևէ նորից մեքենա գնեի, դա կլիներ Ferrari F40-ը, քանի որ այն իսկական արվեստի գործ է», — Հեմիլթոնի խոսքերն է մեջբերում Motorsport-ը։
Հաղորդվում է, որ հավաքածուի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 15 միլիոն եվրո։ Տարբեր ժամանակներում բրիտանացի մարզիկը նկատվել է 15 տարբեր մեքենաների ղեկին, այդ թվում՝ Pagani, Ferrari, Mercedes և McLaren մակնիշի սպորտային ավտոմեքենաներ, ինչպես նաև այլ դասերի մոդելներ։ Նշվում է նաև, որ նրա հավաքածուում, հնարավոր է, եղել են մի քանի մոտոցիկլ։
40-ամյա Հեմիլթոնը, Գերմանիայի լեգենդար մրցարշավորդ Միխայել Շումախերի հետ միասին, համարվում է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաշատ չեմպիոնական տիտղոսներ ունեցող մարզիկը։