Հրդեհ, պայթյուն, կյանքին և առողջությանը սպառնացող այլ վտանգավոր իրավիճակներ։ Այս ամենն իրական վտանգ է հատկապես այն օբյեկտներում, որտեղ պահվում ու վաճառվում է հեղուկ վառելանյութ։ Անվտանգության կանոնների խախտումը կարող է ծանր հետևանքների պատճառ դառնալ թե՛ մարդկանց կյանքի, թե՛ շրջակա միջավայրի համար։ Այս նպատակով ՆԳ նախարարության նախաձեռնությամբ սահմանվել են նոր ստանդարտներ, որոնք ուղղված են հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, անվտանգ շահագործման և հեղուկ վառելանյութի անվտանգ շրջանառության միասնական ու հստակ կանոնակարգմանը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:
Սեպտեմբերի 18-ին Կառավարությունն ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» որոշումը։
Որոշմամբ սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի (նավթաթորվածքներ, այդ թվում բենզինը և դիզելային վառելիքը) լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները:
Հստակ սահմանվում են՝
- ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայան շահագործող անձի կողմից իրականացման ենթակա միջոցառումները,
- կայանների նախագծային փաստաթղթերում ներառման ենթակա տեքստային նյութերը,
- դրանց կառուցմանը, շահագործմանն ու պահպանմանը, ինչպես նաև՝ վառելիքային համակարգի բաղադրիչներին և տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացվող պահանջները
- վառելանյութի առաքմանը և ավտոցիստեռններին ներկայացվող, ինչպես նաև՝ վառելիքի բաշխման պայմանները,
- պահեստարաններին, փոխադրման խողովակաշարերին և էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջները:
Արդյունքում կձևավորվի ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների շահագործման հստակ և միասնական համակարգ՝ նպաստելով պետական վերահսկողական գործառույթների կանխատեսելի և արդյունավետ իրականացմանը։
Կարգավորումը կնպաստի նաև խիստ վտանգի աղբյուր հանդիսացող օբյեկտների չկանոնակարգված շահագործումից բխող ռիսկերի նվազեցմանն ու կառավարելի դարձնելուն։
Կառավարության որոշմամբ տրված լուծումները մշակվել են ինչպես ISO և ԵՄ ստանդարտների, եվրոպական մի շարք երկրների, այնպես էլ՝ ԵԱՏՄ երկրների կարգավորումների համադրմամբ:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո, որից հետո․
- նոր շահագործվող կայանները պետք է համապատասխանեն նոր ստանդարտներին,
- որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նախագծման կամ կառուցապատման փուլում գտնվող լցակայանները պետք է համապատասխանեցվեն նոր ստանդարտներին,
- որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն շահագործվող լցակայանները 1 տարվա ընթացքում պետք է համապատասխանեցվեն նոր ստանդարտներին: