ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը 2025 թ.-ին առաջին անգամ իջեցրել է իր հիմնական տոկոսադրույքը տարեկան մինչև 4-4.25%

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/.    Սեպտեմբերի 16-17-ին տեղի ունեցած երկօրյա նիստից հետո ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) 25 բազային կետով իջեցրեց հիմնական տոկոսադրույքը՝ հասցնելով այն տարեկան 4-4.25%-ի։

Ինչպես հաղորդում է РБК-ն՝ հղում անելով կարգավորողի մամուլի հաղորդագրությանը, Դաշնային պահուստային համակարգը վերահաստատել է իր հանձնառությունը՝ վերադարձնել գնաճը 2%-ի՝ միաժամանակ պահպանելով առավելագույն զբաղվածությունը: Կարգավորողը հետագայում որոշումներ կայացնելիս կհիմնվի ստացված տնտեսական տվյալների վրա:

Մինչ այս, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) հինգ անընդմեջ տեղի ունեցած նիստերի ընթացքում տոկոսադրույքը թողել էր անփոփոխ՝ տարեկան 4.25-4.5% մակարդակում։ Դաշնային պահուստային համակարգի հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերի 28-29-ին։

Սեպտեմբերի 17-ի օրվա ընթացքում  շուկան Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի 25 բազային կետով իջեցման հավանականությունը գնահատել էր 94%, փաստում են  FedWatch-ի տվյալները, որը գործիք է, որը հաշվարկվում է CME բորսայի կողմից՝ հիմնվելով տոկոսադրույքի ֆյուչերսների վրա: Մնացած 6%-ը ենթադրում էր տոկոսադրույքի 50 բազային կետով իջեցում:

Bloomberg-ի կողմից հարցված տնտեսագետները սպասում էին, որ Դաշնային պահուստային համակարգը կնվազեցնի իր տոկոսադրույքը 25 բազային կետով՝ տարեկան 4-4.25% միջակայքում: Օգոստոսի վերջին Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը շուկային ազդանշան տվեց, որ կարգավորողը, կարծես թե, պատրաստ է սեպտեմբերին իջեցնել տոկոսադրույքները:

Leave a Comment