Վերջին յոթ տարում առանց աղմուկ-աղաղակի երկու ատոմակայան ենք ստեղծել. վարչապետ

«Այսօր Հայաստանում առկա են 850 մեգավատ տեղադրված արևային կայաններ»:

Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ պետք է գտնել արտադրած էլեկտրային էներգիան արտահանելու տարբերակներ:

«Էլ չեմ ասում՝ էլեկտրաէներգիայի առատությունը մեր երկրում պետք է նաև ներդրումային որոշակի հետաքրքրություն առաջացնի մասնավորապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Օրինակ՝ արհեստական բանականությունը, կրիպտոարժույթները և այլն ահռելի ծավալի էլեկտրաէներգիա են սպառում, սովորականից, խելքից դուրս էլեկտրաէներգիա են սպառում:

Մենք պետք է թողնենք ինքը զարգանա, մենք պետք է հասնենք իր հետևից մեր տեխնոլոգիական լուծումներով և այլն: Հասկանում եմ, որ շատ բարդ է, բայց սա լրջագույն տնտեսական, էներգետիկ անվտանգության, այդ թվում՝ մեր պետական անվտանգության և պետական անկախության խնդիր է: Պետք է հետևողականորեն գնանք այս ճանապարհով, էլ չեմ ասում, որ ակնհայտ է, որ ապագան դա է: Մենք ամբողջությամբ մեր ռեսուրսով արտադրված հոսանքով կարողանում ենք մեր ամբողջ ներքին կարիքները ապահովել, հասկանո՞ւմ եք՝ ինչ ռազմավարական խնդիր ենք լուծել»,- ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ այս մասին ուղղակի չի բարձրաձայնվում:

«Մենք էլ չենք այդպես շատ կենտրոնանում, ասում ենք՝ բարդ է: Հարգելի՛ գործընկերներ, էներգետիկ համակարգի համար իրոք բարդ է, էլ չեմ ասում մեր էներգետիկ համակարգի համար, որը ստեղծման առաջին օրերից աշխատել է մի տրամաբանությամբ, և նոր հանգամանք է ի հայտ եկել, որը պետք է կառավարել, պետք է սովորենք դա կառավարել:

Մենք պետք է գտնենք լուծումներ, վարչական, տեխնիկական և քաղաքական լուծումներ: Ասում եմ՝ սա շատ լուրջ ռեսուրս է, այսինքն՝ մենք, բացի ատոմակայանից, երկու ատոմակայան ենք այս ընթացքում ստեղծել առանց աղմուկ-աղաղակի: Այս դահլիճում կայացրել ենք որոշումներ ու երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, ընդ որում՝ վերջին յոթ տարում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment