Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը իջեցրել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշը (CFR) «Ba2»-ից «Ba3», իսկ դեֆոլտի հավանականության վարկանիշը (PDR)՝ «Ba2-PD» մակարդակից մինչև «Ba3-PD»: Այս մասին տեղեկանում ենք գործակալության հաղորդագրությունից:
Կանխատեսումը «կայունից» փոխվել է «բացասականի»։
Ավելի վաղ վարկանիշները գտնվել են վերանայման փուլում՝ իջեցման հնարավորությամբ։ Այս վարկանիշային գործողությամբ ավարտվում է ՀԷՑ-ի վերաբերյալ 2025 թվականի հունիսի 20-ին սկսված վերանայումը։
Ավելի վաղ գործակալությունը նշել էր, որ վարկանիշները «Rating Watch Negative» ցուցակում են հայտնվել այն բանից հետո, երբ հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետն առաջարկել է ազգայնացնել ընկերությունը և որ ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, հայազգի ռուս գործարար Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։
«Վարկանիշի իջեցումը արտացոլում է ընկերության պետական ազդեցության և կարգավորող ռիսկերի նկատմամբ աճող խոցելիությունը՝ 2025 թվականի հուլիսին օրենսդրական փոփոխությունների ընդունման արդյունքում, որոնք թույլ են տալիս կառավարությանը ազգայնացնել ընկերությունը, իսկ կարգավորող մարմնին որոշակի դեպքերում նախաձեռնել որոշակի վարչական վարույթներ», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։
Moody’s-ը նշում է, որ «Ba3» վարկանիշը դեռևս հաշվի է առնում ՀԷՑ ընկերության մենաշնորհային դիրքը՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում, ինչը նրան երկրի համար կենսականորեն կարևոր ենթակառուցվածքային ընկերություն է դարձնում։
Moody’s-ի հաղորդագրության մեջ նշվում է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կորպորատիվ կառավարման վրա վերջին իրադարձությունների ազդեցության շուրջ անորոշության պատճառով մենք ընկերության վարկունակության վարկանիշը «CIS-2»-ից փոխել ենք «CIS-3»՝ արտացոլելով այն փաստը, որ թեև կորպորատիվ կառավարման գործոնները սահմանափակ ազդեցություն ունեն ներկայիս վարկանիշի վրա, այնուամենայնիվ ժամանակի ընթացքում դրանք կարող են ավելի բացասական ազդեցություն ունենալ»։
Նշվում է նաև, որ «բացասական» կանխատեսումն արտացոլում է կարգավորող և գործարար միջավայրի զարգացման շուրջ պահպանվող անորոշությունը, ներառյալ ընկերության պոտենցիալ ազգայնացումը, ինչպես նաև վերջին իրադարձությունների ազդեցությունը ՀԷՑ-ի կառավարման, գործունեության, ներդրումային ծրագրի, ֆինանսական քաղաքականության, վարկային ցուցանիշների, իրացվելիության և միջազգային ֆինանսավորման հասանելիության վրա։
«Հաշվի առնելով բացասական կանխատեսումը, ՀԷՑ-ի վարկանիշները, հավանաբար, դրանք չեն բարձրացվի հաջորդ 12-18 ամիսների ընթացքում», – նշել է Moody’s-ը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: