Առաջարկվում է ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը սահմանել

Հասարակություն

14.09.2025 | 20:44

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով պետք է սահմանվի ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը։

Նշվում է, որ մարտի 5-ին կատարված «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով օրենսդրորեն ամրագրվեցին օրհներգի երկար և կարճ տարբերակները՝ համապատասխան երաժշտական և տեքստային խմբագրություններով։ Սակայն մինչ այդ կարգավորումները օրհներգի միայն մեկ՝ ստանդարտ տարբերակն էր գործնականում կիրառվում, ինչի հետևանքով բացակայել էր հստակություն, թե որ տարբերակը երբ և որտեղ պետք է կատարվի։

Նախագծով առաջարկվում է մշակել նոր կարգ, որը կհստակեցնի օրենքով ամրագրված տարբերակների կատարման ձևաչափեը: Կարգի ընդունումը կապահովի ՀՀ օրհներգի՝ որպես պետական խորհրդանիշի պատշաճ օգտագործումը և կսահմանի իրավական հստակություն՝ բոլոր պետական և հասարակական մակարդակներում։

«Նախկին կարգը, որը ստեղծվել էր մինչև օրենքի վերոնշյալ փոփոխությունները, չէր ապահովում օրհներգի բազմաբնույթ խմբագրությունների կիրառման անհրաժեշտ ճկունությունն ու միաժամանակ օրենքի պահանջների լիարժեք պահպանումը»,-նշվում է հիմնավորման մեջ։

Նոր կարգը հստակ սահմանում է, թե որ դեպքերում պետք է օգտագործվի երկար խմբագրությունը, իսկ երբ՝ կարճ տարբերակը։

Leave a Comment