Վարորդը զբոսաշրջիկներին օդանավակայանից տեղափոխում էր հյուրանոց

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 04:05-ի սահմաններում չինական արտադրության էլեկտրական ավտոմեքենան Արգավանդի խաչմերուկից դեպի Երևան ընթանալիս, ճանապարհային ոստիկանության նախկին հենակետի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը ու բետոնե պաշտպանիչ պատնեշին։
Վթարի հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է։
Բախման հետևանքով երկաթե էլեկտրասյունը տապալվել ու փակել է դեպի Էջմիածին տանող ճանապարհահատվածի մեծ մասը։ Վնասվել են նաև տապալված էլեկտրասյան վրա տեղադրված ինտերնետ կապի համար օգտագործվող մալուխները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի թաց լինելն է եղել։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Վիրավորները կին և տղամարդ են, ովքեր զբոսաշրջիկներ են, վարորդը նրանց «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխում էր հյուրանոց։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։