Թե՛ առաջ եւ թե՛ այսօր պատմաբանները, կարծես թե, նեղվում են, երբ որեւէ մեկը կողքից արձանագրում է, որ իրենց գրած դասագիրքն արտացոլում է օրվա իշխանության տեսակետը: Օրինակ, ժամանակին 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների համար դասագրքերում ողջ մեղքը բարդված էր ցուցարարների վրա: Հիմա շեշտվում է իշխանության մեղքը, ինչն անձամբ ինձ ավելի սրտամոտ է: Բայց ես չէի շտապի մի դեպքում մարդկանց մեղադրել «իշխանություններին ծառայելու», իսկ երկրորդ դեպքում՝ շքանշան տալ «ակադեմիական բարեխղճության» համար: Շարունակում եմ պնդել, որ այն հարցերում, որոնք վերաբերում են նորագույն պատմությանը, այսինքն՝ այն իրադարձություններին, որոնց մասնակիցներն ուղղակի կամ անուղղակի շարունակում են ազդել ներկայիս քաղաքական անցուդարձի վրա, դասագիրքը չի կարող չարտաբերել գործող իշխանության նարատիվը:
Վերցնենք Հոկտեմբերյան Մեծ Սոցիալիստական հեղափոխությունը: Այժմ մենք կասկածներ ունենք, որ դա «մեծ» էր՝ բոլշեւիկներն ու ձախ էսեռները խոշոր քաղաքներում գործող փոքրաթիվ խմբակներ էին՝ ահռելի կայսրության մասշտաբով: Վստահ չենք նաեւ, որ այն սոցիալիստական էր. սոցիալիզմը, որպես մարդկանց հավասարությունը քարոզող գաղափար, այստեղ կապ չունի: Մի խումբ մարդիկ հեղաշրջում էին իրականացրել եւ հետո դիկտատուրա հաստատել՝ ի՞նչ սոցիալիզմ: Այո, բանվորների եւ նավաստիների ինչ-որ ջոկատ ներխուժել էր Ձմեռային պալատ եւ իշխանությունից զրկել քիչ թե շատ լեգիտիմ ժամանակավոր կառավարությանը:
Ինչպես դա անվանել՝ ես չգիտեմ: Բայց քանի կար այն պետությունը, որն առաջացել էր այդ իրադարձությունների արդյունքում, այդ պետության համար աշխատող պատմաբանները, նույնիսկ «ակադեմիապես գերբարեխիղճ» լինելով, դա անվանում էին «Հոկտեմբերյան Մեծ Սոցիալիստական հեղափոխություն»: Երբ այդ պետությունը փլուզվեց, այդ եզրն այլեւս դարձավ ոչ պարտադիր:
2018 թվականի իրադարձությունները դրանց կազմակերպիչներն անվանում են «ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն»: Իսկ նրանք, «ում դեմ» այդ հեղափոխությունն իրականացվել է, նույն իրադարձություններն անվանում են, ենթադրենք, «սորոսական հեղաշրջում» կամ «թուրք-ադրբեջանական ծրագրերի իրագործում»: Քանի դեռ իշխանության գլխին են նրանք, ովքեր իրականացրել են այդ հեղափոխությունը, նարատիվը կլինի «թավշյա»: Երբ իշխանությունը փոխվի, պատումը կդառնա «թուրք-ադրբեջանական»:
«Իսկ ի՞նչ էր դա իրականում», – կհարցնեք դուք: Դարձյալ պիտի ասեմ՝ չգիտեմ: Ոչ ոք, կարծում եմ, չգիտի, չի կարող «բարեխիղճ» լինել առնվազն այնքան ժամանակ, քանի ֆիզիկապես գոյություն ունեն շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները: Այդ պատճառով ճիշտ կլինի, որ պատմաբաններն այդ իրադարձություններին առայժմ չանդրադառնան:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: