Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) և Իրանը համաձայնության են եկել Իրանի միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսչական գործունեությունը վերսկսելու շուրջ:
Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Այսօր Կահիրեում ես և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին համաձայնության եկանք Իրանում տեսչական գործունեությունը վերսկսելու գործնական եղանակների շուրջ: Սա կարևոր քայլ է ճիշտ ուղղությամբ», – գրել է նա X-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչներն ու ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնյաները նախատեսում են բանակցությունների հերթական փուլ անցկացնել։
Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սկսել էին Իրանի դեմ 2015 թվականի միջուկային համաձայնագրով չեղարկված պատժամիջոցների վերականգնման գործընթացը: Իրանը և «Եվրաեռյակը» նախկինում մի քանի փուլով միջուկային հարցով բանակցություններ էին վարել:
Եվրոպական երկրները պահանջել էին, որ Թեհրանը վերսկսի ՄԱԳԱՏԷ-ի ստուգումները միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ հարստացված ուրանի մեծ պաշարների հաշվառումը, ինչպես նաև Իրանի մասնակցությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններին։ ԱՄՆ-ն և «Եվրաեռյակի» երկրները համաձայնության էին եկել օգոստոսի վերջը սահմանել որպես միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ:
