Թուրքիան Իսրայելի հետ բախմա՞ն է պատրաստվում․ թյուրքագետի կարծիքը

Հունական մամուլը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ Թուրքիայի զինված ուժերը համալրվել են նոր հակաօդային պաշտպանության համակարգերով, որոնք կարող են թիրախավորել ոչ միայն Հունաստանն, այլև Իսրայելը։

Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Նելլի Մինասյանը նշեց, որ Իսրայելի և Թուրքիայի միջև ռազմական բախումն իրատեսական չէ․

«Հակամարտություն հնարավոր է այլ հարթություններում, բայց պատերազմը մոտիկ ժամանակաշրջանում անիրատեսական է։ Հետևաբար՝ Հայաստանի վրա որևէ տեսակի ազդեցություն չի ունենալու»։

Նրա խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերի արդիականացումը նոր երևույթ չէ․

«Թուրքերը վաղուց են զարգացնում իրենց ռազմարդյունաբերական համալիրները։ Քանի որ Թուրքիան զենքի առումով ինքնաբավ երկիր չէ և միշտ կախված է եղել արևմտյան գործընկերներից, Էրդողանի իշխանության գալուց սկսած՝ ռազմարդյունաբերական բլոկի զարգացումը դարձել է առաջնային։ Այս ընթացքում տարբեր փուլերով մեծ աշխատանքներ են տարվել»։

Մինասյանի խոսքով՝ այս ոլորտում ամենամեծ հաջողությունը Թուրքիան գրանցել է անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ․

«Մասնագետներն առանձնացնում են որոշ զինատեսակներ։ Դրանցից ամենահայտնիները «Բայրաքթարն» է, ինչպես նաև «Քզըլելման»։ Սակայն ընդհանուր առմամբ՝ Թուրքիայի հաջողությունները սահմանափակ են»։

Միևնույն ժամանակ, թյուրքագետը շեշտում է, որ տեխնոլոգիական առումով Թուրքիան չի կարող մրցակցել Իսրայելի հետ։ Ըստ ռազմական վերլուծաբանների՝ Իսրայելը տեխնոլոգիաներով մի քանի անգամ գերազանցում է Թուրքիային։

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Թուրքիան փակել էր նավահանգստներն ու օդային տարածքը Իսրայելի համար։ Նման սանկցիաներ կիրառել էր նաև Իսրայելը Թուրքիայի նկատմամբ։ Փորձագետները կանխատեսել էին, որ իսրայելա-թուրքական հակասություններն առաջիկայում սրվելու են։

Leave a Comment