
Իսրայելական բանակը երեքշաբթի օրը Գազա քաղաքի բնակիչներին տարհանման հրաման է տվել՝ զգուշացնելով, որ կուժեղացնի հարձակումները Գազայի հատվածի վրա, եթե Համասը չազատի վերջին պատանդներին։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակն արաբերենով գրառում է արել X-ում՝՝ հրամայելով բոլոր բնակիչներին լքել քաղաքը։
«Գազա քաղաքի և նրա հարակից շրջանների բոլոր բնակիչներն իրենց իսկ անվտանգության համար անհապաղ պետք է լքեն քաղաքը», — ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։ Զինվորականները զգուշացրել են, որ «տարածքում մնալը չափազանց վտանգավոր է»։
Տարհանման հրամանը, ինչպես նաև անվտանգ գոտիների քարտեզներն ու ուղղությունները օդից նետվել են թռուցիկների տեքով։ Իսրայելը շուրջ մեկ միլիոն մարդու հրամայում է լքել Գազայի հատվածի ամենամեծ քաղաքը և տեղափոխվել հարավում գտնվող ալ-Մավասի «անվտանգ մարդասիրական գոտի»։ Զինվորականները հայտարարել են, որ մոտ 100,000 բնակիչ արդեն լքել է քաղաքը։
Տարհանման հրամանը խուճապ և շփոթություն է առաջացրել բնակիչների շրջանում։ Ոմանք ասել են, որ իրենք այլընտրանք չունեն և պետք է շարժվեն հարավ, բայց մեծ մասն ասել է, որ կմնա, քանի որ անվտանգ վայրեր այլևս չկան։