Յուրաքանչյուր երկրի տնտեսության մեջ կարևոր դեր ունի արժեթղթերի շուկան, որը հաճախ անվանում են նաև ֆոնդային շուկա։ Դրա զարգացումը կարևոր նախապայման է տնտեսական կայունության համար։ Որպես տնտեսական աճի հենասյուներից մեկն ու զարգացման շարժիչ ուժ՝ արժեթղթերի շուկան նպաստում է կայուն և ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորմանը։
Ֆինանսական ոլորտում մեծ պահանջարկ ունեն արժեթղթերի շուկայի բարձրակարգ մասնագետները, որոնք տիրապետում են վերլուծության, ակտիվների կառավարման, ներդրումային ծառայությունների մատուցման հմտություններին։ Նրանց հիմնարար և գործնական գիտելիքները նպաստում են ֆինանսական շուկայի զարգացմանը։
Եթե ունեք մաթեմատիկին բնորոշ վերլուծական մտածելակերպ, արագ կողմնորոշվելու և գործելու ունակություն, ինչպես նաև պատասխանատվության բարձր զգացում, ապա այս մասնագիտությունը հենց ձեզ համար է։ Իսկ եթե հաճույքով խորանաք ոլորտի ուսումնասիրության մեջ, այն կարող է դառնալ ոչ միայն հետաքրքիր, այլև եկամտաբեր։
«Մասնագիտություն» հաղորդմն հյուրն է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական շուկաների և ինստիտուտների ամբիոնի դասախոս Ժորա Ստեփանյանը։